Հանրային հեռուստաընկերությունը, ըստ Lրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմնի, էթիկայի նորմեր է խախտել այս տարվա մայիսի վերջին ու հունիսի սկզբին ընդդիմության հանրահավաքների վերաբերյալ ռեպորտաժներում, որոնք պնդում էին, թե գումար է բաժանվում հավաքին մասնակցելու համար:
Լրատվամիջոցների դիտորդ մարմին էր դիմել Արցախի նախկին օմբուդսմեն և պետնախարար Արտակ Բեգլարյանը: Բեգլարյանը դիտորդ մարմնի ուշադրությունն էր հրավիրել, որ ռեպորտաժներում անհարկի շեշտվել է քրեական գործերում ներգրավվածների արցախյան ծագումը, այսպիսով ենթադրյալ հանցանքը կապվել է ընդհանրապես արցախցիների հետ, բացի այդ արցախյան բարբառով խոսակցությունն ուղեկցվել է ռուսական ռուբլու պատկերներով, թեև ռուսական ռուբլու մասին հեռախոսազրույցներում խոսք չկար:
Մեկ այլ ռեպորտաժում կրկին հեռարձակվել է արցախյան բարբառով հեռախոսազրույց, որտեղ ոտնաման՝ Արցախի բարբառով «վննաման» բառը, սխալ է ներկայացվել՝ որպես «վերցնել»՝ նկատի ունենալով փող վերցնելը:
Դիմումը ճիշտ էր, և այդ բացասական վերաբերմունքն ակնհայտ էր. Աշոտ Մելիքյան
Դիտորդ մարմնի անդամ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասում է՝ Բեգլարյանի նշած խախտումներն իրենք էլ արձանագրել։
«Այո, այդ հիմնավորումները ճիշտ էին, դիմումը ճիշտ էր, և այդ բացասական վերաբերմունքն ակնհայտ էր, և այնտեղ արդեն իսկ բարբառից ակնհայտ էր, որ կասկածյալները ղարաբաղյան ծագում ունեն, բայց դրա հետ միասին այն նյութերը, որոնք ներկայացվեցին, ընդհանրացնում էին և կարծես թե ստվերում էին բոլոր ղարաբաղցիներին, ինչն անթույլատրելի է», – նշեց նա։
Հանրայինն արցախյան բարբառի սխալ մեկնաբանությամբ ռեպորտաժը հեռարձակելուց ժամեր անց ներողություն է խնդրել վրիպակի համար: Իսկ դիտորդ մարմնին Հանրայինից պատասխանել են դիմումից գրեթե երկու ամիս անց՝ նշելով, որ պարզապես Քննչական կոմիտեից ստացած պաշտոնական հաղորդագրությունն են վերահեռարձել:
«Շատ տարօրինակ է, որ Հանրային հեռուստատեսությունն այնպիսի վստահությամբ էր ասում, որ մենք վերարտադրել ենք այն, ինչ ստացել ենք ՔԿ-ից, կարծես թե իսկապես Հանրայինի կամ առհասարակ լրատվամիջոցի պարտքը չէ անվերապահորեն չվստահել և անվերապահորեն չընդունել այն, ինչ որ ստացել են միայն պետական մարմնից, և չմտածել, որ այլևս իրենք գործառույթ չունեն։ Ինչպես երևաց, Հանրայինն ուներ այդտեղ լուրջ գործառույթներ, որը չի կատարել», – նկատեց նա։
Մելիքյանը նաև անձնական տվյալների գաղտնիության խախտում է նկատել
Ըստ Աշոտ Մելիքյանի՝ Հանրայինը չպետք է իր եթերում կրկներ Քննչականի թույլ տված խախտումները, որոնք ոչ միայն էթիկայի նորմերով են սահմանափակվել, այլև առնչվել են անձնական տվյալների գաղտնիությանը. – «Նաև Քննչական կոմիտեն, այդպիսի նյութը տրամադրելով լրատվամիջոցին, խախտել է նախաքննության գաղտնիքը, անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը, տվյալ դեպքում այդ անձանց ձայներն անձնական տվյալներ են։ Կարելի էր դա հեռարձակել՝ այդ ձայնը քողարկելով»։
Ըստ Մելիքյանի՝ որ այդ ռեպորտաժները նպաստել են արցախցիների նկատմամբ ատելության մթնոլորտին, վկայում են նաև դրանց տակ սոցցանցերում արված մեկնաբանությունները, որոնք, ըստ էթիկայի կանոնագրքի, Հանրայինը պետք է հեռացներ։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում