Բավական է դատական տեղեկատվական համակարգում հավաքել «Sut.am» կայքի հիմնադիր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ու «News.am» լրատվամիջոցի անունները եւ կտեսնեք, թե դրանց դեմ դատական հայցերի ինչ տարափ է տեղի ունեցել։
Դպրոցների և մանկապարտեզների տնօրենների 30 դատական հայց՝ ընդդեմ «Sut.am» լրատվական կայքի հիմնադիր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի եւ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի, փաստաբանների 16 դատական հայց՝ ընդդեմ «News.am» լրատվամիջոցի հիմնադիր «Նյուզ Էյեմ» ՍՊԸ-ի։
Դպրոցների և մանկապարտեզների տնօրենների՝ գրեթե միաժամանակ ներկայացրած հայցերի առիթը նախընտրական քարոզչության շրջանում՝ մարտի 24-ին, «Sut.am»-ում հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ՝ 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրենների)» վերտառությամբ հոդվածն է, որով բացահայտվում էր, թե ինչպես են տնօրենները Հանրապետական կուսակցության օգտին ընտրողների ցուցակներ կազմում:
ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրած տնօրեններն այս հրապարակումը համարեցին զրպարտություն, որով իբր արատավորվել է իրենց պատիվն ու արժանապատվությունը: Ներկայացրած 30 հայցերով էլ նրանք պահանջեցին հերքել հոդվածում զետեղված տեղեկությունները եւ յուրաքանչյուրին 2 միլիոն դրամ փոխհատուցում վճարել։ Այսպիսով, ներառյալ դատական ծախսերը՝ տնօրենները պահանջում էին 65 միլիոն դրամ։
Մինչդեռ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոանիսյանը իր և ՀԿ-ի դեմ ներկայացված հայցերը կազմակերպված ճնշում և խոսքի ազատությունը սահմանափակելու փորձ էր որակել։ Նա նաև հայտարարել էր, որ նման հայցերով դատարան դիմելը միանշանակ քաղաքական հարց է. «Իրավական առումով մենք մաքուր ենք … ոչ մեկին չենք զրպարտել, մենք ոչ մի սուտ չենք հրապարակել, հետևաբար՝ չկա սուտ, չկա զրպարտություն», – «Հետք»-ի հետ զրույցում նշել էր Իոաննիսյանը:
Հուլիսի 17-ին, երբ մեկնարկել էր 30 տնօրենների հայցի քննությունը, հայտնի դարձավ, որ բոլոր 30 տնօրենները, ինչպես դիրիժորական փայտիկի մեկ շարժումով դիմել էին դատարան, այդպես էլ միասնական կերպով հրաժարվել են հայցերից։
ԽԱՊԿ-ը կապ հաստատեց տնօրեններից մի քանիսի հետ՝ պարզելու կատարվածի դրդապատճառը։ Այսպես, Երևանի թիվ 37 մանկապարտեզի տնօրեն Անուշ Մխիթարյանը նշեց, թե հայցից հրաժարվելն իր սեփական որոշումն է եղել։ Իսկ թե ինչով է պայմանավորված այն, տնօրենը չցանկացավ մանրամասնել՝ հայտարարելով, որ ավելին ոչինչ չի կարող ասել։ Երևանի թիվ 83 մանկապարտեզի տնօրեն Գայանե Մելյանն էլ նշեց, թե չգիտի ով է Մարիաննա Մելյանը, որ հայց է ներկայացրել (որպես հայցվոր «Datalex» տեղեկատվական համակարգում գրված է Մարիաննա Մելյան)։ Այնուհետև զայրացած ձայնով շեշտեց. «Հայցը հետ ենք վերցրել ու վերջ…»։
Երևանի թիվ 34 դպրոցի տնօրեն Նաիրա Մանուկյանն ասաց, թե այդպես է նպատակահարմար գտել. «Իմ անձնական որոշումն է, փոշմանել եմ», – հայտարարեց նա ու գործընկեր տնօրենների նման արագ անջատեց հեռախոսը։
Երևանի թիվ 25 մանկապարտեզի տնօրեն Ինգա Խաչատուրովան ևս կրկնեց տնօրենների ասածը՝ իր անձնական որոշմամբ է հրաժարվել հայցից։ Հարցին՝ ինչպես ստացվեց, որ 30 տնօրեններ միաժամանակ որոշեցին հայց ներկայացնել, միաժամանակ էլ հրաժարվեցին այդ հայցերից, նա պատասխանեց. «Ես այդ տնօրեններից շատերին չեմ ճանաչում, իրենց հետ չեմ խոսել։ Ինքս եմ որոշել հայցից հրաժարվել»։ Հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված իր որոշումը, արդյոք փոխվել է իր դիրքորոշումը, այլևս հրապարակումը զրպարտություն չի՞ համարում։ Ինգա Խաչատուրովան պատասխանեց, թե իր դժգոհությունը գաղտնի ձայնագրության դեմ է եղել. «Գաղտնի ձայնագրելը լավ բան չէ։ Այն ժամանակ զայրացած էի, դիմեցի դատարան, հիմա կրքերը հանդարտվել են, որոշեցի հետ վերցնել հայցը»։
Ի դեպ, մանկապարտեզի տնօրենը կրկին նույն դիրքորոշումը հայտնեց, որ չէր կարող այդ ամենը վարչական ռեսուրսի չարաշահում լինել, քանի որ ինքը երեկոյան՝ ոչ աշխատանքային ժամերին է զբաղվել այդ հարցով։ Փաստորեն՝ չնայած աղմկահարույց բացահայտմանը, չնայած այդ ամենին հետևող քննադատություններին, տեղի ունեցածը, ցավոք, որևէ ազդեցություն չունեցավ հանրակրթական համակարգում աշխատող տնօրենների մտածելակերպի վրա։ Հարց է ծագում՝ թեկուզ եւ երեկոյան երեխաների ծնողների հետ զրուցելիս նրանք որպես ո՞վ էին ներկայանում, ի՞նչ է՝ այդ պահին դադարո՞ւմ էին լինել դպրոցի կամ մանկապարտեզի ղեկավար, թե՞ ծնողներն արդեն նրանց չէին ընկալում որպես այդպիսիք։
Թեև տնօրենները հայցերից հրաժարվելու փաստը ներկայացնում են որպես «ինքնաբուխ», սակայն Դանիել Իոաննիսյանն այլ կարծիքի է։ Ըստ նրա՝ դա նրանց սեփական որոշումն ու նախաձեռնությունը չէ։ «Դե պարզ է, հո չէին ասելու կուսակցությունից զանգեցին, հրահանգեցին հայցերը հետ վերցնենք։ Ակնհայտ է, որ այդ ամենը կազմակերպված էր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը չէր էլ թաքցնում, որ դա իր գաղափարն է։ Ինչպես ուղղորդեցին դիմել դատարան, այդպես էլ ուղղորդեցին, որպեսզի հրաժարվեն հայցերից», – ԽԱՊԿ-ի հետ զրույցում նշեց Դանիել Իոաննիսյանը։ Նրա խոսքով՝ բազմաթիվ ինֆորմացիոն առիթներ էին լինելու, և հասարակությունն անընդհատ վերհիշելու էր այդ պատմությունը։ Բացի դա՝ «ուշ թե շուտ հաղթելու էինք ինչ-որ ատյանում՝ կամ ներպետականում, կամ ՄԻԵԴ-ում։ Ինչքան գործը երկար տևեր, այնքան իշխանությունների գլխացավն էր երկար տևելու։ Դատարանը կանչելու էր տնօրեններին, որոնք պետք է ներկայացնեին իրենց կազմած ցուցակները։ Որպես վկա՝ կանչելու էին ցուցակում ընդգրկված մարդկանց… տարիներ տևող գլխացավանք էր լինելու իշխանությունների համար, ինչը նրանք ժամանակին հասկացան ու ձերբազատվեցին դրանից», – նշեց Իոաննիսյանը։
«Հայցերի տարափ-2». փաստաբաններն ընդդեմ «News.am» լրատվամիջոցի
Դատական հայցերի երկրորդ ալիքը ուղղված է «News.am» լրատվական կայքի հիմնադիր «Նյուզ էյ Էմ» ՍՊԸ-ի դեմ։ 4 փաստաբաններ՝ Գևորգ Մկրտչյանը, Վրեժ Խաչիկյանը, Սիմոն Բաբայանն ու Արսեն Հարությունյանը, յուրաքանչյուրը չորսական՝ ընդհանուր առմամբ 16 դատական հայց են ներկայացրել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ զրպարտություն համարվող տեղեկատվության հերքման և ոչ նյութական վնասի դրամային հատուցման պահանջներով։ Հայցերի առիթը «News.am» կայքում հրապարակված հոդվածներն են՝ «Պնդուկիզմի հաղթանակ». ՓՊ ղեկավար անձանց կողմից ծեծված Արմեն Սողոմոնյանը որպես մեղադրյալ հրավիրվել է հարցաքննության» (հունիսի 23), «Եթե իրենց թվում է, որ Աթանեսյանն ու Սողոմոնյանը կհրաժարվեն իրենց բողոքներից, չարաչար սխալվում են. Լուսինե Սահակյան» (հունիսի 23), «Պարզապես խայտառակություն է և բացահայտ ապօրինություն. Տիգրան Աթանեսյանին հրավիրել են որպես կասկածյալ հարցաքննության» (հունիսի 23), «Աթանեսյանի և Սողոմոնյանի վրա հարձակվելու գործով 5 անձի մեղադրանք առաջադրվեց» (հունիսի 26)։
«News.am»-ի շահերը ներկայացնող փաստաբան Արամազդ Կիվիրյանին դատական գործերի միջոցով ԶԼՄ-ի դեմ այս գրոհը հիշեցնում է դպրոցների ու տնօրենների՝ դիրիժորական փայտիկի մի շարժումով հայցեր ներկայացնելու գործելաոճը։ Ըստ նրա՝ առաջին դեպքում ցուցում էր տալիս կուսակցությունը, երկրորդ դեպքում թելադրողը Փաստաբանների պալատն է։ «Հայցը ներկայացրած փաստաբանները պալատի ներկայիս ղեկավար պաշտոնը զբաղեցնող անձի գիտությամբ և ցուցումով են քայլեր կատարում։ Իրականում նրանք պահանջը կարող էին ներկայացնել մեկ հայցի շրջանակում, քանի որ կողմերը նույնն են, սակայն բաղդատել են ու ներկայացրել 16 հայցի շրջանակում։ Կարծում եմ՝ սա ևս պալատի նախագահի գործելաոճն է. այսկերպ փորձում են լրատվամիջոցի ռեսուրսը սպառել», – նշեց Արամազդ Կիվիրյանը։ Հայցերի այս ալիքը փաստաբանը որակեց որպես լրատվամիջոցի նկատմամբ ճնշում գործադրելու փորձ։
Հայցվոր փաստաբանները ԽԱՊԿ-ի հետ զրույցում նշեցին, թե հակառակը՝ լրատվամիջոցն է իր հրապարակումներով ճնշում գործադրել իրենց վրա։
Փաստաբան Սիմոն Բաբայանի խոսքով՝ «News.am»-ը պարբերաբար հրապարակել է իրականությանը չհամապատասխանող և իր անձը արատավորող տեղեկություններ: «Եթե խնդիրը դիտարկենք լրագրողական էթիկայի համատեքստում, ապա պետք է նշել, որ երբևէ այս լրատվամիջոցը չի փորձել պարզել իմ տեսակետը իր կողմից ներկայացվող, իրականությանը չհամապատասխանող փաստական տվյալների վերաբերյալ: Ուստի ակնառու է, որ ես նման պայմաններում ստիպված եմ հայցելու խախտված իմ իրավունքների դատական պաշտպանությունը», – նշեց Սիմոն Բաբայանը: Փաստաբան Գևորգ Մկրտչյանն էլ ասաց, թե «News.am»-ը մշտապես, ուղղորդված նույն ապատեղեկատվությունը հրապարակելով, ճնշում է գործադրել իր վրա։ Ուստի ինքն էլ օգտվել է իր սահմանադրական իրավունքից ու հայց է ներկայացրել։
«News.am»-ի շահերը ներկայացնող Արամազդ Կիվիրյանի համար մինչև հիմա պարզ չէ, թե փաստաբանները վիճարկվող հոդվածների ո՞ր հատվածն են համարում ապատեղեկատվություն, զրպարտություն։ Ըստ նրա՝ հոդվածներում հրապարակվել է այն հանգամանքը, թե ինչպես են 4 փաստաբանները՝ համահայցվորները, փաստացի մուտք գործել փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակ և բռնություն գործադրել նրա ու փաստաբան Արմեն Սողոմոնյանի նկատմամբ։ «Լուսաբանվել են այդ օրվա իրադարձությունները։ Ընդ որում՝ այդ դեպքերը լուսաբանել են նաև բազմաթիվ այլ լրատվամիջոցներ։ Ինչո՞ւ այդ պահանջը չի ներկայացվում մյուսների դեմ։ Հոդվածում տեղ գտած ո՞ր տեղեկությունն են իրենք վիճարկում. ուզում են ասել, որ ընդհանրապես մուտք չեն գործել գրասենյակ, բայց լրատվամիջոցը գրել է այդպե՞ս։ Դա՞ են ուզում ասել», – նշեց Արամազդ Կիվիրյանը՝ մանրամասնելով, որ դեռ չեն ստացել բոլոր հայցադիմումները։
ԽԱՊԿ-ը փորձեց հայցվոր փաստաբաններից պարզել, թե որ տեղեկությունն են իրենք համարում ապատեղեկատվություն։ Սակայն նրանք զերծ մնացին հստակ պատասխան տալուց՝ նշելով միայն, որ մանրամասն այդ մասին գրել են իրենց հայցադիմումներում։
Իրավական տեսանկյունից Արամազդ Կիվիրյանը հայցերի բավարարման հիմք չի տեսնում, միևնույն ժամանակ խոստովանում է՝ երկրում գործող արդարադատությանն էլ ապավինել հնարավոր չէ։ «Հաշվի առնելով հայաստանյան դատական համակարգի կամակատար լինելու հանգամանքը՝ չեմ կարող ասել՝ արդյոք կիրականացվի՞ արդարադատություն, թե դուրս կգան իրավական շրջանակից և այս կամ այն անձանց ցուցումները կկատարեն», – նշեց նա։
Հնարավո՞ր է, որ փաստաբաններն էլ մանկապարտեզների ու դպրոցների տնօրենների նման հրաժարվեն հայցերից, Արամազդ Կիվիրյանը դժվարանում է պատասխանել։ «Դա կախված է պալատի նախագահի ցուցումից», – նշեց փաստաբանը՝ միաժամանակ ընդգծելով, որ ցանկացած պարագայում վերոհիշյալ հայցերի վերաբերյալ կներկայացնեն իրենց իրավական դիրքորոշումը, և փաստաբանները դատարանում արժանի պատասխան կստանան։
Լիլիթ Հովհաննիսյան