2011 թվականի հոկտեմբերից Հայաստանն անդամակցում է «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) միջազգային նախաձեռնությանը, ինչի շրջանակում ստանձնած պարտավորություններից երեքը վերաբերում է տեղեկատվության ազատության զարգացմանը, մասնավորապես, դրանք են`
-երկրի բարձրաստիճան պաշտոնատար անձանց (ԲՊԱ) եկամուտների հայտարարագրերի թափանցիկության ապահովում,
-ՀՀ պետական մարմինների պաշտոնական կայքերի բովանդակության ստանդարտացում,
-տեղեկատվության մատչելիության վերաբերյալ` պետական ծառայողների գիտելիքների եւ հմտությունների զարգացում:
Թվարկված պարտավորություններից վերջինը, ԲԿԳ-ի պաշտոնական կայքում ներկայացված տեղեկությունների համաձայն, 2012 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ համարվում է կատարված, իսկ մյուս երկուսը` իրագործման ընթացքում. աշխատանքներն ավարտելու վերջնաժամկետ է նշանակված 2013 թ. դեկտեմբերի 31-ը:
2013 թվականի փետրվարից դեկտեմբեր ամիսներին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության աջակցությամբ, իրականացրեց այս պարտավորությունների կատարման մոնիտորինգ, ինչպես նաեւ փորձեց գնահատել պետական ծառայողների` տեղեկատվության ազատության մատչելիությունն ապահովելուն վերաբերող գիտելիքներն ու հմտությունները: Սույն ծրագրի նպատակն էր հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացումը` պետական մարմինների գործունեության վերաբերյալ, եւ իշխանության կառույցների թափանցիկության ու պատասխանատվության զարգացումը:
Ստորեւ ներկայացնում ենք ուսումնասիրության մեթոդաբանությունը եւ կատարված աշխատանքի արդյունքները: Պարտավորություններից յուրաքանչյուրին հատկացված է առանձին բաժին` իրավիճակի նկարագրությամբ եւ փորձագիտական եզրակացություններով: