Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Նիդերլանդների կառավարության աջակցությամբ 2019 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը իրականացրել է հայկական և ռուսական մի շարք ԶԼՄ-ների մոնիտորինգ: Հետազոտությունը միտված էր բացահայտելու քարոզչության տարբեր մեթոդներով եվրոպական արժեքները վարկաբեկող հրապարակումները: Մոնիտորինգը բաղկացած էր երկու փուլից: Առաջինն իրականացվել է 2019 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը և դրա արդյունքներով հրապարակվել է միջանկյալ հաշվետվություն, երկրորդն ընդգրկել է 2020 թվականի հունվարի 1-ից ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածը: Սույն զեկույցում ներկայացված են մոնիտորինգի ամբողջ ժամանակաշրջանի տվյալները:
Դիտարկվել է 13 ԶԼՄ՝ 5 հեռուստաընկերություն (այդ թվում՝ մեկը ռուսական «РТР-Планета»-ն, որը վերգետնյա եթերային հեռարձակմամբ ընդգրկում է Հայաստանի ամբողջ տարածքը), 3 համապետական թերթ և 5 առցանց լրատվամիջոց (նրանցից մեկը՝ ռուսական «Sputnik-Armenia»-ն, որը հայերեն բովանդակություն է ստեղծում ու տարածում): Հայկական լրատվամիջոցների ընտրությունը կատարվել է այնպես, որ հնարավորինս ներկայացված լինեն տարբեր քաղաքական ուժերի հետ ասոցացվող ԶԼՄ-ները: Այսպես, թերթերի դեպքում դիտարկվել են իշխանամետ «Հայկական ժամանակ»-ը և երկու ընդգծված ընդդիմադիրները՝ «Իրավունքը» և «Հրապարակը»: Ինչ վերաբերում է հեռուստաընկերություններին, ապա Հայաստանի հանրային հեռուստատեսությունից և ռուսական «РТР-Планета»-ից բացի, հետազոտվել են ևս երեք հեռարձակվողների՝ «5-րդ ալիք»-ի, «Երկիր մեդիա»-ի և «Կենտրոն»-ի ծրագրերը (հիմնական լրատվական և դրանց հաջորդող հասարակական-քաղաքական հաղորդումները): Դրանցից առաջինը ասոցացվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, իսկ հաջորդ երկուսը համապատասխանաբար «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ: Նույն սկզբունքով, տարբեր քաղաքական կողմնորոշումները հաշվի առնելով, մոնիտորինգում ընդգրկվել են հետևյալ առցանց լրատվամիջոցները. «Tert.am», «1-in.am», «24news.am», «News.am», «Sputnik-Armenia»:
Քանի որ քարոզչության մեթոդները բազմազան են, ապա դիտարկման շրջանակներում դրանք բաժանվել են հետևյալ պայմանական կարգերի (դրանք կարող էին դրսևորվել ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ).
- տարբեր տիպի մանիպուլյացիաներ (փաստերի նենգափոխում և/կամ խեղաթյուրում, կողմնակալ (աչառու, կանխակալ) մեկնաբանություն, գոյություն չունեցող աղբյուրներին հղումներ և այլն),
- ազգային, քաղաքական, սոցիալական, կրոնական, ռասսայական և այլ խմբերի նկատմամբ ատելության խոսքի (hate speech) օգտագործում,
- բացասական կարծրատիպերի օգտագործում:
Ինչպես վկայում են մոնիտորինգի արդյունքները, հետազոտված ԶԼՄ-ներում եվրոպական թեմատիկան լուսաբանվում է հիմնականում չեզոք կամ դրական: Բացասական նյութերը աննշան բաժին ունեն՝ Եվրոպային և եվրոպացիներին վերաբերող հրապարակումների ընդհանուր թվի ընդամենը 0,6% – ը: Սակայն, դրա հետ մեկտեղ, մոնիտորինգը հնարավորություն տվեց վեր հանել հետևյալ միտումները.
- Եվրոպական արժեքները վարկաբեկող հրապարակումներ ամենից շատ արձանագրվել են տպագիր լրատվամիջոցներում՝ 161 կամ քարոզչական տարբեր տարրեր պարունակող նյութերի 53,5%-ը։ Հեռուստաալիքներում և առցանց լրատվամիջոցներում, համապատասխանաբար՝ 94 (31,2%) և 46 (15,3%):
- Օգտագործված քարոզչական հնարքներից առավել տարածված է իրադարձությունների և երևույթների աչառու, կանխակալ մեկնաբանությունը: Այն առավել հաճախ օգտագործում են լրագրողները (46%), փորձագետները/հասարակական գործիչները (31%) և քաղաքական գործիչները (12%): Հեղինակային մյուս խմբերը ավելի հազվադեպ են դիմում դրան: Տեղեկատվական մանիպուլյացիաների՝ տարածվածությամբ երկրորդ հնարքը փաստերի խեղաթյուրումն է: Այդ երկուսից ավելի քիչ օգտագործվում է անանուն (ենթադրաբար՝ գոյություն չունեցող) աղբյուրներին հղումը, ատելության արտահայտությունների և բացասական կարծրատիպերի տարածումը:
- Ըստ ԶԼՄ-ների տեսակների՝ մոնիտորինգի արդյունքների վերլուծությունը ցույց տվեց, որ քարոզչության տարբեր մեթոդներին դիմելու քանակով լրագրողները մյուս խմբերի հեղինակներին գերազանցում են միայն տպագիր հրատարակություններում: Այստեղ թերթերի աշխատակիցներին բաժին է ընկնում Եվրոպային ու եվրոպացիներին վերաբերող կողմնակալ մեկնաբանությունների, փաստերի խեղաթյուրման, բացասական կարծրատիպերի 74%-ը:
- Ի տարբերություն տպագիր մամուլի, հեռուստաընկերությունների եթերում իրենց մեկնաբանություններով քարոզչական հնարքներ օգտագործելու քանակով փորձագետները/հասարակական գործիչներն ավելի քան 2 անգամ գերազանցել են լրագրողներին: Ուշագրավ է, որ հեռարձակվող ԶԼՄ-ներում հրավիրված փորձագետները/հասարակական գործիչները եվրոպական արժեքները վարկաբեկող ավելի շատ արտահայտություններ են օգտագործել, քան մյուս բոլոր խմբերի հեղինակները միասին վերցրած:
- Առցանց լրատվամիջոցներում կանխակալ մեկնաբանություններով, բացասական կարծրատիպերի օգտագործմամբ և փաստերի խեղաթյուրմամբ լրագրողներին 2 անգամ գերազանցել են ոչ միայն փորձագետները / հասարակական գործիչները, այլև քաղաքական գործիչները, իսկ պաշտոնատար անձինք՝ 1,5 անգամ: Ընդհանուր առմամբ, հեղինակների վերջին երեք խմբերին բաժին է ընկնում քարոզչական հնարքների կիրառման ավելի քան 78%-ը:
- Մոնիտորինգի ընթացքում պարզվել են հակաեվրոպական ուղղվածությամբ նյութերի թվով առաջատարները: Թերթերից՝ «Իրավունքը», հեռուստաալիքներից՝ «РТР-Планета»-ն, առցանց լրատվամիջոցներից՝ «News.am»-ը:
- Բովանդակային առումով մոնիտորինգի առաջին փուլում եվրոպական արժեքները վարկաբեկող հրապարակումների համար առիթ հանդիսացած հիմնական թեման Հայաստանի կողմից Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացումն էր: Հետազոտության երկրորդ փուլում, որը ժամանակային առումով համընկավ կորոնավիրուսի տարածման հետ, հիմնական թեման համավարակն էր: Նույնիսկ Եվրամիության երկրների ձեռնարկած հարկադրված միջոցները (մասնավորապես՝ սահմանների փակումը) որոշ ԶԼՄ-ներ ներկայացրին իբրև եվրոպական արժեքներից հրաժարում և ԵՄ փլուզում:
Մոնիտորինգի տվյալները ցույց են տալիս, որ կանխակալ մեկնաբանությունների և այլ մանիպուլյացիաների հեղինակները, որպես կանոն, դրական են վերաբերվել իրենց խոսքերին, այսինքն՝ հաստատել են դրանք:
Զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ
Ինֆոգրաֆիկաների տեսքով՝ ԱՅՍՏԵՂ
Սույն զեկույցում ներկայացված կարծիքներն ու գնահատականները Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեինն են և կարող են չհամընկնել Նիդերլանդների կառավարության տեսակետների հետ։