ՆԱԽԱԲԱՆ
2012 թվականին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ, իրականացրեց ԶԼՄ-ների ներգրավվածությամբ` վիրավորանքի եւ զրպարտության հիմքերով դատական գործերի մոնիտորինգ: Մշտադիտարկման նպատակն էր պարզել, թե ինչպես է զարգանում դատական պրակտիկան` 2010 թ. մայիսի 18-ից ի վեր, երբ օրենքով ուժը կորցրած ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ եւ 136-րդ հոդվածները, իսկ նույն օրն ընդունված` ՀՕ-97-Ն ՀՀ օրենքով փոփոխություններ կատարվեցին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ («Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանությունը») հոդվածում եւ օրենսգիրքը լրացվեց 1087.1-րդ հոդվածով, որով սահմանվեցին պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները:
Հետազոտությունը կատարվել է երկու փուլով։ Առաջինը ներառել է 2012 թ. հունվար-հունիս, երկրորդը` հուլիս-դեկտեմբեր ամիսները:
Ուսումնասիրվել են դատական ակտերի բովանդակային մասերը, վիճակագրական տվյալները, ինչպես նաեւ` ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թ. նոյեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-997 որոշումից հետո գործերի քանակի դինամիկան:
Դատական ակտերի բովանդակային մասերի ուսումնասիրության նպատակներից մեկն էր պարզել, թե ներպետական իրավակիրառական պրակտիկայում ինչպես են հաշվի առնվում միջազգային իրավական սկզբունքային մոտեցումները. մասնավորապես` արտահայտվելու ազատության իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է ծառայի իրավաչափ շահ պաշտպանելու նպատակին եւ անհրաժեշտ լինի` տվյալ շահն ապահովելու համար:
Ընդհանուր առմամբ` դիտարկման նպատակն էր պարզել, թե արդյո՞ք վիրավորանքի եւ զրպարտության իրավանորմերի ապաքրեականացումն ու Քաղաքացիական օրենսգրքի վերոհիշյալ փոփոխություններն ու լրացումները ամբողջությամբ ծառայում են իրենց նպատակին: Մասնավորապես` արդյո՞ք դատարաններին հաջողվում է պահպանել արդարացի հավասարակշռություն մի կողմից` Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (Եվրոպական կոնվենցիա)10-րդ հոդվածով սահմանված արտահայտվելու ազատության պաշտպանության եւ մյուս կողմից` այն անձանց հեղինակության միջեւ, ում դեմ ուղղված է արատավորող արտահայտությունը. իրավունք, որը որպես անձնական կյանքի ասպեկտ` պաշտպանվում է կոնվենցիայի 8-րդ հոդվածով: