2013 թվականի մայիսի 1-ից օգոստոսի 15-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) իրականացրեց Հայաստանի պետական մարմինների (ՊՄ) պաշտոնական կայքերի մոնիտորինգ: Սա տրամաբանական շարունակությունն է վերջին երեք տարիներին ԽԱՊԿ-ի իրականացրած նմանատիպ գործունեության: Սակայն, ի տարբերություն նախորդ ուսումնասիրությունների, ներկա մոնիտորինգն իրականցվել է նոր մեթոդաբանությամբ, որը հիմնված է EXMO ավտոմատացված տեղեկատվական համակարգի (EXMO ԱՏՀ) վրա: Վերջինս մշակել է մեր գործընկեր կազմակերպությունը՝ Սանկտ-Պետերբուրգում գործող Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը (Институт развития свободы информации) եւ սիրով տրամադրել է ԽԱՊԿ-ին՝ Հայասատանում կիրառելու համար:
Այս մեթոդաբանությամբ, որը ներկայացված է սույն զեկույցի համապատասխան բաժնում, վերլուծվել են 51 ՊՄ-ների կայքեր: Դրանք պայմանականորեն բաժանվել են երեք խմբի: Առաջին խմբում ներառված են ՀՀ նախարարությունների եւ կառավարությանն առընթեր մարմինների 34 կայքերը: Երկրորդում՝ երկրի 10 մարզերի պաշտոնական կայքերը, որոնք ընդգրկված են «Տարածքային կառավարման համակարգ» (ՏԿՀ) միասնական ցանցում (այսուհետ՝ մարզպետարանների կայքեր): Երրորդում՝ ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ դատախազության, ինչպես նաեւ՝ Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կայքերը:
Այս բոլոր կայքերի գնահատման չափանիշները հրապարակված տեղեկությունների քանակական եւ որակական բնութագրիչներն են, մասնավորապես.
- պահանջված տեղեկության առկայությունը / բացակայությունը,
- տեղեկության ամբողջականությունը,
- hրատապությունը (օպերատիվությունը),
- մատչելիությունը (հասանելիությունը` տեխնիկապես), այդ թվում նաեւ HTML մատչելիությունը, փաստաթղթերի մատչելիությունը եւ գրաֆիկական մատչելիությունը: