2017 թվականի երկրորդ եռամսյակը լարված ժամանակաշրջան էր հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար։ Այն ներառեց երկրի համար կարեւորագույն երկու իրադարձություններ՝ Ազգային ժողովի ու Երևանի ավագանու ընտրությունները։ Սովորաբար այսպիսի ժամանակահատվածներում ավելանում են ճնշումներն ու հարձակումները ԶԼՄ-ների ու դրանց աշխատակիցների վրա, եւ այս առումով վերջին երկու ընտրություններն էլ բացառություն չեղան։
Այսպես, ապրիլի 2-ին` խորհրդարանական ընտրությունների օրը, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ 2 ֆիզիկական բռնության և 9 ճնշման դեպքեր են գրանցվել։ Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու ընտրություններին, ապա դրանց նախորդող քարոզարշավի ընթացքում իսկ արձանագրվեցին լրագրողների իրավունքների խախտումներ. մեկ բռնության եւ երկու խոչընդոտումների դեպքեր։ Ֆիզիկական բռնության 2 դեպք եւ մասնագիտական գործունեության խոչընդոտման 5 միջադեպ էլ գրանցվել է բուն ընտրությունների օրը՝ մայիսի 14-ին։
Ընդհանուր առմամբ, 2017 թ. երկրորդ եռամսյակում ԽԱՊԿ-ն արձանագրեց լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 5 դեպք։ Տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումները 10-ն են։ Իսկ ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ տարաբնույթ ճնշումների թիվը հասավ 57-ի։ Դրանցից 33-ը ԶԼՄ-ների եւ/կամ լրագրողների ներգրավվածությամբ նոր դատական գործեր են՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի եւ զրպարտության հիմքով։ Կիսամյակի կտրվածքով՝ այդ գործերի քանակը հասավ 48-ի։ Սա լրատվամիջոցների հիմնադիրների ու դրանց աշխատակիցների դեմ դատական հայցերի աննախադեպ տարափ է՝ 2010թ. մայիսին Հայաստանում վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացումից ի վեր։
Հունիս – ապրիլ ամիսներին ԽԱՊԿ-ն շարունակել է դիտարկել լրագրողների եւ օպերատորների նկատմամբ լայնածավալ բռնություններով եւ մասնագիտական գործունեության խոչընդոտումներով զուգորդված՝ 2015թ. հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում (#ElectricYerevan) եւ 2016թ. հուլիսի երկրորդ կեսին մայրաքաղաքի Խորենացի փողոցում եւ Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող քրեական գործերը եւ արձանագրել է, որ առաջինում որեւէ նկատելի զարգացում չի եղել, երկրորդում՝ ընդամենը մեկ նոր մեղադրյալ է ի հայտ եկել։ Այս փաստերը եւս մեկ անգամ հիմք է տալիս ասելու, որ նախաքննության արդյունավետությունը բավարար չէ, եւ Հատուկ քննչական ծառայության քայլերը համարժեք չեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների մասշտաբներին։
Երկրորդ եռամսյակի կարեւոր իրադարձություններից էր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մայիսի 2-ին հայտարարած մրցույթը՝ թվային հեռարձակման մասնավոր ցանցի (մուլտիպլեքսի) ստեղծման համար։ Մեկ տարի առաջ կազմակերպած նույնատիպ մրցույթը չկայացած համարվեց՝ դիմողներ չլինելու պատճառով։
Մայիսի 31-ին Ազգային ժողովն ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխությունների կատարելու մասին» օրենքը, որով նախատեսվում է կարգավորել ռադիոհեռարձակման անցումը թվային համակարգին։ Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը խորհրդարան էր ներկայացվել առանց շահագրգիռ հասարակական լրագրողական կազմակերպությունների հետ քննարկումներ անցկացնելու, ինչպեսեւ նախորդ տարիներին՝ հեռուստահեռարձակման թվայնացմանը վերաբերող մի շարք այլ օրինագծերի դեպքում։
Ի տարբերություն սրան, ապրիլ-հունիս ամիսներին շարունակվեց լայնորեն քննարկվել շրջանառության մեջ դրված «Տեղեկատվության ազատության մասին» նոր օրենքի նախագիծը։