2017 թ. երրորդ եռամսյակը հետընտրական ժամանակահատված էր եւ գրեթե զերծ էր հասարակական-քաղաքական լարվածությունից, սակայն նույնիսկ այս պայմաններում արձանագրվել են լրագրողների նկատմամբ բռնությունների 2, տարատեսակ ճնշումների 16, տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման 39 դեպքեր։ Թեեւ այդ խախտումների ընդհանուր քանակը նախորդ եռամսյակի համեմատությամբ նկատելիորեն նվազել է (72-ից՝ 57), այդուհանդերձ, որոշ միտումներ մտահոգության տեղիք են տալիս։ Մասնավորապես՝ ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների քանակի ավելի քան 3,5 անգամ պակասելուն զուգահեռ զգալիորեն՝ մոտ 4 անգամ, աճել է տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների թիվը։
Խիստ մտահոգիչ է մնում լրագրողների դեմ կիրառվող բռնությունների առկայությունը։ Ընդ որում, հաճախ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում՝ իրավապահ մարմինների եւ դատարանների ոչ համարժեք գործողությունների, որոշումների ու վճիռների հետեւանքով։ Սրա մասին են վկայում երրորդ եռամսյակում իրականացված՝ ս. թ. ապրիլի 2-ի խորհրդարանական եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակաշրջանում լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքների խախտումներին վերաբերող գործընթացների դիտարկումները. արձանագրված բռնությունների ու խոչընդոտումների 21 դեպքից միայն 6-ի առնչությամբ է քրեական գործ հարուցվել, որոնցից 4-ը կարճվել է «հանցակազմի բացակայության» ձեւական հիմնավորմամբ։
Հուլիս-սեպտեմբեր ամիսներին ԽԱՊԿ-ը շարունակել է հետեւել նաեւ 2015 թվականի հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում (#ElectricYerevan), ինչպես նաեւ 2016թ. հուլիսի երկրորդ կեսին մայրաքաղաքի Խորենացի փողոցում եւ Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործերի ընթացքին։ Դիտարկվող ժամանակահատվածում դրանցում նոր մեղադրյալներ կամ կասկածյալներ ի հայտ չեն եկել։ Ընդհանուր առմամբ, առաջին գործի ավելի քան երկու տարվա նախաքննությամբ մեղադրանք է առաջադրվել 4, իսկ մեկ տարուց ավելի ընթացող երկրորդի շրջանակներում ՝ 9 անձի։ Մինչդեռ, այդ իրադարձությունների տեսագրություններում պարզ երեւում է, որ ԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ բռնություններ ու հետապնդումներ են իրականացրել մի քանի տասնյակ ոստիկաններ եւ նրանց աջակցությամբ գործող քաղաքացիական հագուստով անձինք։
Երրորդ եռամսյակում լրագրողական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների բուռն քննարկումների առարկա դարձավ ՀՀ արդարադատության նախարարությունում մշակվող «Տեղեկատվության ազատության մասին» նոր օրենքի նախագիծը։ Փաստաթղթի թե պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող տարբերակը, որը տեղադրված է e-draft.am կայքում, թե հանրությանը հասու դարձած նոր՝ սևագիր տարբերակը լուրջ առարկություններ է առաջացրել։ Սակայն քանի որ նախագծի մշակման աշխատանքներն իրականացվում են առանց քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցության, առաջարկությունները չի հաջողվում հասցնել փաստաթղթի հեղինակներին։
Օգոստոսի 2-ին ավարտվեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անցկացրած մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթը, և այն չկայացած հայտարարվեց՝ հայտատուի բացակայության պատճառով։ Արդյունքում չլուծված է մնում ՀՀ մարզերում գործող 10-ից ավելի տեղական հեռուստաընկերությունների խնդիրը, որոնք այս ոլորտում իրականացվող անհեռատես քաղաքականության պատճառով թվային դարաշրջանում շարունակում են գործել անալոգային ռեժիմով եւ հայտնվել են ծայրահեղ բարդ իրավիճակում։
Սեպտեմբերի 26-ին ավարտվեցին հունիսի 30-ին ՀՌԱՀ-ի հայտարարած՝ թվային ցանցի միջոցով ռադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթները։ Դրանք թվով 18 էին եւ բոլորն անցել են առանց այլընտրանքի, այսինքն՝ 18 տեղի համար նույնքան հայտ է ներկայացվել եւ հաղթող ճանաչվել։