2023թ․ առաջին եռամսյակի ընթացքում իրականացված դիտարկումների արդյունքները հատկապես մտահոգիչ են տեղեկատվության ազատության սահմանափակումների առումով։ Պետական մարմիններից տեղեկություններ ստանալու խնդիրներից, ԶԼՄ-ների և դրանց ներկայացուցիչների հարցումների անհիմն մերժման կամ դրանց ոչ ամբողջական, լղոզված պատասխաններ տրամադրելու փաստերից զատ, արձանագրվել են իշխանությունների մի շարք ռեգրեսիվ նախաձեռնություններ, որոնցով փորձ է արվում օրինական հիմքեր ստեղծել պաշտոնական տվյալների տրամադրումը սահմանափակելու համար։
Այսպես՝ դեռևս 2022թ․ դեկտեմբերի 22-ին ՀՀ արդարադատության նախարարությունը e-draft.am կայքում հրապարակեց, իսկ 2023-ի հունվարի կեսից քննարկման դրեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը, որն այդ ռեժիմի պայմաններում չարդարացված խիստ սահմանափակումներ է ենթադրում համացանցի հասանելիության և ԶԼՄ-ների գործունեության համար։ Դրանց վերաբերող դրույթները պատշաճ պատճառաբանված չեն և լի են կամայականությունների հնարավորություն տվող սողանցքներով։
Ավելի ուշ՝ մարտի 1-ին, Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության առաջարկած օրինագծերի ծավալուն մի փաթեթ, որի հիմքում «Պետական գաղտնիքի մասին» նոր օրենքն էր։ Ի թիվս շատ այլ վիճահարույց փոփոխությունների, փաթեթում ներառված էր նաև լրացում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում։ Համաձայն դրա՝ պաշտոնական տվյալների տրամադրման հարցումները ենթակա են մերժման, եթե պարունակում են «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն»։ Սուբյեկտիվ որոշումների տեղիք տվող այս ձևակերպմամբ նույնպես լայն հնարավորություններ են ստեղծվում կամայականությունների համար, քանի որ սրա տակ կարող է ընկնել պետական մարմիններում առկա ցանկացած փաստաթուղթ։
Ընդ որում՝ արդեն սովորական պրակտիկա է դարձել, որ այդ հետադիմական օրինագծերը, նախքան հրապարակվելը կամ շրջանառության մեջ դրվելը, պատշաճ չեն քննարկվում մասնագիտացված հասարակական կառույցների հետ։ Մինչդեռ, լրագրողական ՀԿ-ների, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների միջև նախորդ տարի ստորագրված եռակողմ Հուշագիրը հակառակ մոտեցում և վերաբերմունք է նախատեսում։
Լրագրողական կազմակերպություններն այս գործընթացների առնչությամբ հանդես են եկել հայտարարություններով՝ պահանջելով հանրային, փորձագիտական (այդ թվում՝ միջազգային) քննարկումներ ապահովել խնդրահարույց օրենսդրական նախաձեռնությունների շուրջ, ինչպես նաև՝ հավատարիմ մնալ ժողովրդավարական արժեքներին ու կառավարության գործունեության թափանցիկությունը ապահովելու հանձնառությանը։ Մինչդեռ՝ այսպիսի հետադիմական օրենսդրական փոփոխությունները կարող են բացասաբար ազդել հանրության առջև իշխանությունների հաշվետվողականության ապահովման վրա, նպաստել կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը։
Այս առումով հատկանշական է Հայաստանի վարկանիշի նվազումը՝ ըստ կոռուպցիայի ընկալման համաթվի (սրա մանրամասները ներկայացված են «Լրագրողների գործունեության միջավայրը» բաժնում)։ Սա համադրելի է այն մտահոգիչ վիճակագրություն հետ, որը ԽԱՊԿ-ն ստացել է առաջին եռամսյակի ընթացքում պաշտոնական տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներն ուսումնասիրելիս։ Մասնավորապես՝ արձանագրվել է այդպիսի խախտումների 48 դեպք, ինչը 3-ով ավելի է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածի տվյալը։
Դիտարկվող ժամանակահատվածի առանձնահատկություններից է նաև այն, որ եռամսյակի ընթացքում չի գրանցվել լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնության ոչ մի դեպք։ Սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4-ով ավելացել է տարատեսակ այլ ճնշումների թիվը՝ հասնելով 17-ի։
ԶԵԿՈՒՅՑՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ՝ ԱՅՍՏԵՂ