2024թ․երրորդ եռամսյակը լրագրողների գործունեության համար եղել է համեմատաբար հանդարտ ժամանակաշրջան, ինչը մեծապես պայմանավորված էր նրանով, որ Հայաստանում դադարել էին ներքին խժդժությունները, բողոքի ակցիաները և որպես կանոն դրանց զուգորդող ընդհարումները։ Այսպես, հուլիս-սեպտեմբեր ամիսներին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ ֆիզիկական բռնության ոչ մի դեպք չի գրանցվել։ Նվազել են տարատեսակ այլ ճնշումների դեպքերը․դրանք 11-ն են` 2,5 անգամ պակաս անցած եռամսյակի ցուցանիշից, իսկ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների թիվը հասել է 41-ի՝ կրկնակիից ավել աճ է գրանցվել։
Շարունակվել են որոշ լրատվամիջոցների ու լրագրողների նկատմամբ վիրավորական, անհարգալից վերաբերմունքի դրսևորումները պետական պաշտոնյաների, քաղաքական գործիչների կողմից։ Այս փաստերը ազատ խոսքի, այլակարծության հանդեպ անհանդուրժողականության ցցուն վկայություններ են։ Մյուս կողմից էլ բևեռացված ու քաղաքականացված է մնում լրատվամիջոցների մեծ մասը, ինչը չի նպաստում տեղեկատվության օբյեկտիվությանը, իրադարձությունների անաչառ լուսաբանմանն ու երկրում որակյալ լրագրության լայն տարածմանը։ Բազմաթիվ լրատվամիջոցներ ու լրագրողներ չեն ընդունում մասնագիտական էթիկայի նորմերը, չեն հետևում դրանց, ինչը թույլ չի տալիս զարգացնել ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգը։ Իրավիճակի բարելավմանն է միտված «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը մշակվել է մի շարք լրագրողական կազմակերպությունների, Արդարադատության նախարարության և խորհրդարանի պրոֆիլային հանձնաժողովի, ինչպես նաև Freedom House միջազգային կազմակերպության համագործակցությամբ: Այն ուղարկվել է ՀՀ կառավարություն, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողով՝ վերջինիս փորձագիտական եզրակացությունը ստանալու նպատակով։
Դիտարկվող ժամանակահատվածի դրական առանձնահատկություններից է ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների դատական նոր հայցերի քանակի նվազումը։ Թերևս սա նույնպես կարելի է պայմանավորել հասարակական-քաղաքական իրավիճակի հարաբերական հանդարտությամբ։ Այդ հայցերի թիվը 6-ն է՝ բոլորը զրպարտության և վիրավորանքի հիմքով։ Հայցվորների մեջ է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը լրատվամիջոցների դեմ դատական հայց ներկայացրած պաշտոնյաների շարքում առաջատարներից է։
Լրագրողների համար լուրջ մարտահրավեր է մնում պետական մարմիններից տեղեկություններ ստանալը։ Սա լուրջ խոչընդոտ է հանրային հնչեղություն ունեցող թեմաների լուսաբանման, ճշգրիտ տեղեկությունների տարածման համար և հաճախ ապատեղեկատվության պատճառ է դառնում։ Դիտարկվող եռամսյակի ընթացքում այդպիսի ցայտուն օրինակ էր հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ ոստիկանության գործողությունների և հատուկ միջոցների կիրառման մասին ԶԼՄ-ների հարցումները անտեսելը կամ դրանց ոչ պատշաճ, որոշ դեպքերում նաև ապակողմնորոշող պատասխաններ տրամադրելը։ Այս առումով նախևառաջ աչքի ընկան Ներքին գործերի և Առողջապահության նախարարությունները, որոնք հարցումներին «լղոզված» պատասխաններ ուղարկելով՝ փորձեցին ժամանակ շահել և ի վերջո փոփոխություններ կատարեցին իրենց ներքին իրավական ակտերում, որպեսզի հատուկ միջոցների կիրառումը հիմնավորված համարվի։
Եռամսյակի ուշագրավ իրադարձություններից էր հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որի արդյունքում հաղթող է ճանաչվել Արմեն Քոլոյանը։ Նա դրանից առաջ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող էր։ Մրցույթի 8 մասնակիցներից 2-ը՝ լրագրող Լուսինե Պետրոսյանը և Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը, մտադրություն են հայտնել դատական ճանապարհով վիճարկել մրցույթի արդյունքները՝ կասկածներ հայտնելով դրա օբյեկտիվության առնչությամբ։ Դատական հայց ներկայացրել է դեռևս միայն Լուսինե Պետրոսյանը։
Հետաքրքիր զարգացումներ են արձանագրվել Էլեկտրիկ Երևանի իրադարձությունների՝ 2015թ․ հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանական գործողությունների հետևանքով տուժած լրագրողների գործով։ Հիշեցնենք՝ այդ լրագրողներից 3-ը դիմել էին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, որը և ցայսօր ներկայացնում է նրանց շահերը։ Մեկ գործը Եվրոպական դատարանում է։ Իսկ մյուս 2-ը 2020 թվականին ուղարկվել էին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե, որտեղից էլ ս․ թ․ սեպտեմբերի 4-ին հարցում է ստացվել առ այն, թե արդյո՞ք ԽԱՊԿ-ը շարունակում է պնդել, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն անդրադառնա տուժած լրագրողների պաշտպանության խնդրին։ Ստանալով դրական պատասխան՝ այդ միջազգային ատյանը խնդրել է տրամադրել գործում առկա փաստաթղթերի անգլերեն թարգմանությունը։ Սա հույս է ներշնչում, որ շուրջ 10 տարի առաջ լրագրողների նկատմամբ կիրառված վայրագությունները կստանան այս կառույցի իրավական գնահատականը։
ԶԵԿՈՒՅՑՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ՝ ԱՅՍՏԵՂ