ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՈՒ ԶԼՄ–ՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2010 թ. տարեկան զեկույց
2010 թվականին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն պատրաստել եւ հրապարակել է երեք եռամսյակային միջանկյալ զեկույց, որոնցում ամփոփվել են տարվա համապատասխան ժամանակահատվածներում (հունվար-մարտ, ապրիլ-հունիս, հուլիս-սեպտեմբեր) խոսքի ազատության վիճակը երկրում եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների արձանագրված խախտումները:
Սույն զեկույցը վերաբերում է ամբողջ 2010 թվականին եւ ընդգրկում է՝
1. Խոսքի եւ մամուլի ազատությանը վերաբերող օրենսդրությունն ու դրանում կատարվող փոփոխություններն ու գործընթացները,
2. Տնտեսական միջավայրն ու դրա ազդեցությունները ԶԼՄ-ների վրա,
3. Քաղաքական միջավայրն ու դրա ազդեցությունները ԶԼՄ-ների վրա,
4. Լրատվամիջոցների եւ լրագրողների իրավունքների խախտումները:
2010թ. օգոստոս-սեպտեմբերին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրեց փորձագիտական սոցիոլոգիական հետազոտություն, որի նպատակն էր պարզել ԶԼՄ-ների ազատության մակարդակը Հայաստանում՝ հաշվի առնելով իրավական, քաղաքական ու տնտեսական գործոնների ազդեցությունները: Հարցմանը մասնակցեցին 50 փորձագետներ՝ համերկրային եւ Երեւանում գործող առավել հայտնի ԶԼՄ-ների ու լրագրողական կազմակերպությունների ղեկավարներ կամ ներկայացուցիչներ: Այդ հարցման արդյունքները ԽԱՊԿ-ն ներկայացրել է «ԶԼՄ-ների ազատության մակարդակը Հայաստանում» զեկույցում, որը հրապարակվել է 2010 թվականի դեկտեմբերին:
Ստորեւ՝ համապատասխան բաժիններում համառոտ կներկայացնենք նաեւ այդ զեկույցի եզրակացությունները: Այստեղ ասենք միայն, որ հետազոտության արդյունքում պարզվեց. մեր երկրի մամուլը գտնվում է մասնակի ազատների խմբից՝ ոչ ազատների խմբին անցնելու վտանգավոր սահմանագծում:
1. Խոսքի եւ մամուլի ազատությանը վերաբերող օրենսդրությունը
2010 թվականը նշանավորվեց խոսքի եւ մամուլի ազատությանն առնչվող մի շարք իրավական նախաձեռնություններով եւ օրենսդրական փոփոխություններով, մասնավորապես.
Փետրվարի 4-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն իր կայքում տեղադրեց «Էրոտիկ բնույթի հեռուuտառադիոհաղորդումների, uարuափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպեu նաեւ անչափահաuների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաuտիարակության վրա հնարավոր բացաuական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչների» նախագիծը՝ քննարկման եւ առաջարկների համար: