ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՈՒ
ԶԼՄ–ՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի եռամսյակային զեկույց
(հունվար – մարտ, 2011 թ.)
Լրատվամիջոցների գործունեության միջավայրը
2010 թվականից սկսած՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, տարեկանից զատ, ներկայացնում է Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին եռամսյակային միջանկյալ զեկույցներ՝ ներառելով ոլորտը կարգավորող օրենսդրության փոփոխությունները, դրանց առնչվող առաջարկություններն ու գործընթացները, ինչպես նաեւ՝ տնտեսական միջավայրի եւ քաղաքական գործոնների ազդեցությունները լրատվամիջոցների վրա:
Առաջին եռամսյակում խոսքի եւ մամուլի ազատությանը վերաբերող օրենսդրական դաշտում տեղի ունեցած գործընթացներում ուշագրավ է Երեւանի մամուլի ակումբի եւ «Ինտերնյուս» ՀԿ-ի մշակած եւ մարտի 14-ին շրջանառության մեջ դրած՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագիծը: Նշված երկու կազմակերպություններն ընդգրկվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարությամբ 2010 թ. սեպտեմբերին ստեղծված աշխատանքային խմբում: Հիշեցնենք, որ 2010 թ. դեկտեմբերի 21-ին ԽԱՊԿ-ն հրապարակեց իր աշխատանքային խմբի պատրաստած առաջարկները՝ այդ օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Երկու փաստաթղթերն ունեն ընդհանուր մոտեցումներ, միտված են ոլորտի ազատականացմանը եւ առկա խնդիրների լուծմանը: Ուստի հնարավոր է դառնում աշխատել մեկ միասնական օրինագծի վրա եւ այն պատրաստ լինելուն պես՝ ներկայացնել իրավասու մարմիններին:
2011 թ. առաջին եռամսյակն աննախադեպ էր լրատվամիջոցների դեմ դատական հայցերի առատությամբ: ԽԱՊԿ-ն արձանագրեց 10 դատական նոր գործ, որոնք ուղղակիորեն կապված են 2010 թվականի մայիսի 18-ին ընդունված՝ զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացմանը վերաբերող օրինագծերի փաթեթի հետ: Ընդ որում՝ եւս 3 նույնաբնույթ դատական գործեր սկսվել էին դեռեւ անցած տարի, եւ այս եռամսյակում գրանցվեցին դրանց նոր զարգացումները:
Սակայն ԶԼՄ-ների հետ ծագող խնդիրներն անպայմանորեն դատական գործընթացներով լուծելու միտումը պայմանավորված է ոչ այնքան օրենքի նոր դրույթների անկատարությամբ, որքան լրատվամիջոցներով հրապարակվող քննադատության նկատմամբ քաղաքական գործիչների եւ այլ պաշտոնյաների անհանդուրժողականությամբ: Խորհելու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացման օրենսդրական փոփոխությունների նախագծերի հեղինակներն իշխող կոալիցիայի երեք կուսակցությունների ներկայացուցիչներն էին: Լրատվամիջոցների դեմ դատական հայցեր ներկայացնողներից շատերը նույնպես իշխող կուսակցության գործիչներ են: