2011 թ. երկրորդ եռամսյակային զեկույց

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՈՒ ԶԼՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի եռամսյակային զեկույց

(ապրիլհունիս, 2011 թ.)

 Լրատվամիջոցների գործունեության միջավայրը

 2010 թվականից սկսած՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, տարեկանից զատ, ներկայացնում է Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին եռամսյակային միջանկյալ զեկույցներ՝ ներառելով ոլորտը կարգավորող օրենսդրության փոփոխությունները, դրանց առնչվող առաջարկություններն ու գործընթացները, ինչպես նաեւ՝ տնտեսական միջավայրի եւ քաղաքական գործոնների ազդեցությունները լրատվամիջոցների վրա:

2011 թ. երկրորդ եռամսյակում խոսքի եւ մամուլի ազատությանը վերաբերող օրենսդրական դաշտում տեղի ունեցած գործընթացներում ուշադրության են արժանի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունները: Մայիսի 26-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց նշված օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու փաթեթը, ինչի արդյունքում վերացվեց, այսպես կոչված, «հովանոցային» (թաքնված) գովազդի արգելքը, ինչպես նաեւ՝ ավելացվեց եթերային ժամանակի 1 ժամվա ընթացքում թույլատրելի առեւտրային գովազդի ծավալը՝ 10-ից հասցնելով 14 րոպեի: Ըստ էության, այս փոփոխություններով օրինականացվեց գովազդի՝ օրենքով սահմանված ծավալի փաստացի գերազանցումը, ինչի մասին պարբերաբար բարձրաձայնում էին համապատասխան մոնիտորինգներ անցկացնող կազմակերպությունները: Ըստ կատարված փոփոխությունների՝ գովազդի հեռարձակումն արգելվում է վերահեռարձակող հեռուստաընկերությունների կողմից: Գովազդային արգելքը տարածվում է նաեւ Հանրային հեռուստաընկերության «Շողակաթ» հոգեւոր-մշակութային հեռուստաալիքի վրա:

Փաթեթն ընդունելու շտապողականությունը տարակուսանք առաջացրեց լրագրողական կազմակերպությունների շրջանում` ամենից առաջ այն պատճառով, որ երկրի ղեկավարի նախաձեռնությամբ`Մարդու իրավունքների պաշտպանի հովանու ներքո ստեղծված՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի լրամշակման աշխատանքային խումբը դեռեւս չի ավարտել իր նախագծի պատրաստումը: Մայիսի 30-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նամակով դիմեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին` ներկայացնելով աշխատանքային խմբի վերամշակած օրինագծի, փաստորեն, անավարտ տարբերակը, ինչին կցվել են խմբի անդամների հատուկ կարծիքներն առանձին դրույթների վերաբերյալ: Հունիսի 15-ին Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ի, Երեւանի մամուլի ակումբի եւ Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի ղեկավարները հայտարարություն տարածեցին այն մասին, որ իրենք, լինելով վերը նշված աշխատանքային խմբի անդամներ եւ օրենքի նախագծի սկզբնական տարբերակի համահեղինակներ, դեռեւս շարունակում են օրենքի լրամշակման աշխատանքները եւ դիմելով ԱԺ համապատասխան հանձնաժողովին` խնդրում են հետաձգել նախագծի հնարավոր քննարկումները:

Կարդալ ավելին

Հարակից Հոդվածներ