2011 թ. երրորդ եռամսյակային զեկույց

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՈՒ ԶԼՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի եռամսյակային զեկույց

(հուլիս-սեպտեմբեր, 2011 թ.)

Լրատվամիջոցների գործունեության միջավայրը

 2010 թվականից սկսած՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, տարեկանից զատ, ներկայացնում է Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին եռամսյակային միջանկյալ զեկույցներ՝ ներառելով ոլորտը կարգավորող օրենսդրության փոփոխությունները, դրանց առնչվող առաջարկություններն ու գործընթացները, ինչպես նաեւ՝ տնտեսական միջավայրի եւ քաղաքական գործոնների ազդեցությունները լրատվամիջոցների վրա:

2011 թ. երրորդ եռամսյակում խոսքի եւ մամուլի ազատությանը վերաբերող օրենսդրական դաշտում նկատելի իրադարձությունները երկուսն են: Մեկն առնչվում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագծին, մյուսը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի նորմի, որը ՀՀ վճռաբեկ դատարանը կիրառել էր` «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը վերադարձնելիս:

2011 թ. առաջին եռամսյակային զեկույցում ներկայացրել էինք, որ այս տարվա հունվարին «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի նախագահ Սուրեն Դեհերյանը լսողության խանգարում ունեցող «Լռության ձայն» խմբի անունից բաց նամակով դիմել էր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին՝ մտահոգություն հայտնելով այն առնչությամբ, որ Երեւանում գործող հեռուստաալիքների թվի` 22-ից 18-ի կրճատման արդյունքում` հայկական հեռուստաեթերում բացակայում են սուրդոթարգամանությամբ ուղեկցվող լրատվական հաղորդումները, ինչի հետեւանքով խախտվում է լսողության խնդիրներ ունեցող 3500 ՀՀ քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը, ինչպես նաեւ` ՀՀ քաղաքացիների իրավահավասարության սկզբունքը:

ՀՌԱՀ նախագահը պատասխան նամակում փորձել էր հիմնավորել, թե խախտված չէ խուլուհամր բնակչության՝ տեղեկություն ստանալու իրավունքը, քանի որ հեռուստաալիքների լրատվական թողարկումներն ուղեկցվում են հայերեն լուսագրերով: Մինչդեռ լսողության խնդիրներ ունեցող անձինք եւ սուրդոթարգմանիչները նշում են լուսագրերով տեղեկություններ ստանալու անհարմարությունների մասին, մասնավորապես, այն, որ տեսողության ավելորդ լարվածություն առաջացնելուց զատ` «վազող տողը» չի համապատասխանում տվյալ պահին ցուցադրվող պատկերին եւ շփոթ է առաջացնում չլսող մարդկանց համար:

Ավելի ուշ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն նույնաբովանդակ բաց նամակով դիմեց նաեւ Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացը կարգավորող օրենսդրական բարեփոխումների հարցով աշխատանքային խումբը ղեկավարող, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին` խնդրելով «Հեռուստատեսության եւ ռադիայի մասին» օրենքի լրամշակված նախագծում փոփոխություններ կատարել լսողության խնդիրներ ունեցող անձանց տեղեկացված լինելու իրավունքն ապահովելու համար: ՄԻՊ-ն այդ նամակը ուղարկել է ՀՀ կառավարություն, որն էլ հուլիսին կայացած քննարկումների ընթացքում հավանության արժանացրեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը:

Կարդալ ավելին

Հարակից Հոդվածներ