ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՈՒ ԶԼՄ–ՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Համառոտ ամփոփում
2010 թվականից սկսած՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, տարեկանից զատ, ներկայացնում է Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին եռամսյակային միջանկյալ զեկույցներ՝ ներառելով ոլորտը կարգավորող օրենսդրության փոփոխությունները, դրանց առնչվող առաջարկություններն ու գործընթացները, ինչպես նաեւ՝ տնտեսական միջավայրի եւ քաղաքական գործոնների ազդեցությունները լրատվամիջոցների վրա:
2012 թ. առաջին եռամսյակը եղավ ՀՀ Ազգային ժողովի մայիսի 6-ին կայանալիք ընտրություններին նախորդող եւ մասամբ էլ ընտրարշավը ներառող ժամանակաշրջան, ուստի առանձնակի ուշադրության արժանացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը, որը հաստատվեց 2012 թ. հունվարի 31-ի թիվ 18-Ն որոշմամբ։ Իսկ մարտի 15-ի հերթական նիստին ԿԸՀ-ն, հաշվի առնելով լրագրողական հանրության հնչեցրած մտահոգությունները, փոփոխություն մտցրեց այդ կարգում:
Նախընտրական ժամանակահատվածում տեղի ունեցավ լրատվամիջոցներին առնչվող մեկ այլ օրենսդրական գործընթաց եւս։ ՀՀ Ազգային ժողովը մարտի 21-ին երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի 7-րդ հոդվածի 12 կետով նախատեսվում է այդ ռեժիմի պայմաններում խոսքի ազատության սահմանափակում։ Այս փաստաթուղթը հասարակության տարբեր շերտերի կողմից արժանացավ քննադատության։
Լրատվամիջոցներին վերաբերող իրավական դաշտում ուշագրավ է նաեւ այն փաստը, որ ՀՀ Ազգային ժողովը մարտի 19-ին շրջանառության մեջ դրեց երեք լրագրողական կազմակերպությունների` Երեւանի մամուլի ակումբի, «Ինտերնյուս» ՀԿ-ի եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի համատեղ մշակած օրինագիծը` «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ։
Այս տարվա առաջին եռամսյակում առավել ակնհայտ դարձավ տպագիր լրատվամիջոցների ֆինանսատնտեսական ծանր վիճակը։ Դրա արտահայտումը եղավ այն, որ «Հետք» շաբաթաթերթը դադարեց լույսընծայվել, իսկ «Հայկական ժամանակ» օրաթերթը դրամական օժանդակության խնդրանքով շարունակում է դիմել լրագրի առցանց տարբերակի` հայաստանյան եւ արտերկրի ընթերցողներին։