ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՈՒ
ԶԼՄ–ՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2013 թ. տարեկան զեկույց
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եռամսյա եւ տարեկան պարբերականությամբ հանրությանն է ներկայացնում հայաստանյան լրատվամիջոցների եւ դրանց աշխատակիցների գործունեության միջավայրն ու խնդիրները, խոսքի ազատության վիճակը, ԶԼՄ–ների եւ լրագրողների իրավունքների խախտումները ներառող զեկույցներ։
Համառոտ ամփոփում
2013 թ. հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար նկատելիորեն լարված ժամանակշրջան էր։ Դա կապված էր ներքաղաքական եւ հասարակական կյանքում տեղի ունեցած որոշ կարեւոր իրադարձությունների համապատկերում ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների համար առաջացած անբարենպաստ պայմանների հետ: Մասնավորապես` այս տարին ներառում էր նախագահական եւ Երեւանի ավագանու ընտրությունները, ինչպես նաեւ տեղի ունեցան մի շարք քաղաքացիական շարժումներ (քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման փորձի, Երեւանի «Փակ շուկան» «Երեւան սիթի» սուպերմարկետի վերածելու, Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու դեմ ուղղված): Իսկ նման իրադարձությունները, որպես կանոն, ուղեկցվում են հասարակական-քաղաքական հարաբերությունների լարվածությամբ եւ խոսքի ազատությանը սպառնացող սահմանափակումներով, ինչի հետեւանքով ավելանում են լրագրողների աշխատանքի նկատմամբ անհանդուրժողականության տարաբնույթ դեպքերը: ԽԱՊԿ-ն այս օրինաչափությունը բազմիցս նշել է` արձանագրելով ակնառու փաստեր:
Այսպես` ՀՀ նախագահի ընտրությունների օրը՝ փետրվարի 18-ին տեղի ունեցավ լրագրողների նկատմամբ բռության 2 դեպք։ Այս ընտրություններին առնչվող` արձանագրվեց նաեւ լրագրողների մասնագիտական գործունեության 4 այլ խոչընդոտում: Ֆիզիկական բռնության 1 դեպք գրանցվեց Երեւանի ավագանու նախընտրական քարոզչության ընթացքում, իսկ ընտրությունների օրը՝ մայիսի 5-ին, տեղի ունեցավ լրագրողների մասնագիտական գործունեության 8 այլ խոչընդոտում։ Ֆիզիկական բռնության 3 եւ ճնշումների 6 միջադեպ տեղի ունեցավ նաեւ վերը նշված քաղաքացիական շարժումները լուսաբանող լրագրողների նկատմամբ:
Տարվա ընթացքում զգալիորեն աճեց նաեւ ԶԼՄ-ների եւ լրագրողների դեմ (այդ թվում նաեւ` որպես երրորդ անձ) վիրավորանքի եւ զրպարտության հիմքերով դատական հայցերի քանակը. ԽԱՊԿ-ն արձանագրեց 24 այդպիսի դատական գործ (2012 թվականին դրանք 17-ն էին):
Այսպիսով, ընդհանուր առմամբ, 2013 թվականին ԽԱՊԿ-ն արձանագրեց լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 10 դեպք (6-ով ավելի` 2012 թվականի համեմատությամբ), ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ տարաբնույթ ճնշումների 57 միջադեպ (20-ով ավելի` 2012 թվականի համեմատությամբ) եւ տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի խախտումների 10 փաստ (13-ով պակաս` 2012 թվականի համեմատությամբ):
Այսպիսով` 2013 թվականին լրատվամիջոցների եւ լրագրողների իրավունքների խախտումներն ընդհանուր առմամբ աճել են` 2012 թ. համեմատությամբ, եւ հասել 77-ի (տե՛ս թիվ 1 եւ 2 աղյուսակները):