«7or.am», 19.01.2010

«Չորրորդ իշխանություն» պարբերականի փակումը շատ վատ նախադեպ էր

«Ուրբաթ» ակումբում «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Մելիքյանն ու փորձագետ Մեսրոպ Հարությունյանըներկայացրել են «Հայաստանում լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին» 2009թ. տարեկան զեկույցը։ Ներկայացնելով լրագրողների դեմ խախտումների վիճակագրությունը՝ Մեսրոպ Հարությունյանը նշել է, որ լրագրողների դեմ բռնությունների մեծ մասը տեղի է ունեցել 2009թ. մայիսի 31-ին Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ։ Նա ցավով է նշել, որ լրագրողների դեմ բռնության դեպքերի վերաբերյալ գործեր չեն հարուցվել և մնացել են չբացահայտված։ Դեպքերից մի քանիսին անդրադառնալով՝ Մեսրոպ Հարությունյանն ասել է, որ մինչ այժմ վճռաբեկ դատարանում է գտնվում Ռոբերտ Քոչարյանի՝ «Հայկական ժամանակ»-ի դեմ գործը, և հայտնի չէ, թե ինչ վիճակում է այն։ Նրա կարծիքով գաղտնի գրաքննության հիմք կարող են հանդիսանալ լրատվամիջոցների մասին ԱԺ-ում շրջանառվող  օրինագծերը։ Մեսրոպ Հարությունյանը նշել է, որ շատ վատ նախադեպ էր նաև «Չորրորդ իշխանություն» պարբերականի փակումը, քանի որ դատարանի վճիռն անօրինական էր և հակասում էր ՀՀ սահմանադրության 27-րդ հոդվածին։ Աշոտ Մելիքյանն ասել է, որ կցանկանա, որ նմանատիպ խախտումների դեմ լրագրողական համայնքը գործի միասնական։ Նա նշել է նաև, որ տարին առատ է դատական գործերով, ինչը ողջունելի է այն առումով, որ հասարակությունը գերադասում է իր խնդիրները լուծել ոչ թե գաղտնի անկյուններում՝ մահակներով, այլ դատարանում։ Իսկ թե ինչ վիճակում է դատական ոլորտը, դա արդեն այլ հարց է։

Share