«hetq.am», 14.09.2011

Դատարանը կպարտավորեցնի՞ ՀՌԱՀ-ին տրամադրել բոլոր փաստաթղթերը

Այսօր ՀՀ վարչական դատարանում ընթացավ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) հայցով դատաքննությունն ընդդեմ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի: Հայցպահանջն է` պատասխանողի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչել և պարտավորեցնել տրամադրել 21.02.2011թ Ել. N-30 գրությամբ պահանջվող բոլոր փաստաթղթերը:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին ԽԱՊԿ-ն պաշտոնական հարցում էր արել` ստանալու ՀՀ տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների արտոնագրման մրցույթներին ներկայացված հայտերի և կից փաստաթղթերի պատճենները: Ի պատասխան հարցմանը` ՀՌԱՀ-ը հայտնել էր, որ պատճենահանման ենթակա չեն առևտրային գաղտնիք պարունակող փաստաթղթերը: Ըստ ՀՌԱՀ-ի`այդպիսիք են մրցույթների հայտերին կից փաստաթղթերում առկա վերահեռարձակման պայմանագրերը, ինչպես նաև ընկերությունների աշխատակիցների անձնական թերթիկները (CV):

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Օլգա Սաֆարյանը իր խոսքում նշեց, որ ՀՌԱՀ-ը խախտել է ՀՀ օրենսդրությունը, այն է` չի տրամադրել պահանջվող տեղեկությունը: Փաստաբանը նշեց, որ հարցումը կատարելիս հայցվորն առաջարկել է տրամադրել տեխնիկական օգնություն, որպեսզի կատարվեն փաստաթղթերի լուսապատճեններ, քանի որ դրանց թիվը մեծ է: Հայցվորը նշում է, որ մրցույթը դռնբաց է անցկացվում, և հանձնաժողովին ներկայացվում են այնպիսի փաստաթղթեր, որոնք ՀՌԱՀ-ը մերժել է հայցվորին տրամադրել՝ մեկնաբանելով, որ դրանք առևտրային գաղտնիք են պարունակում: Պահանջվող փաստաթղթերն են եղել՝ անձնական թերթիկները (CV) և անհրաժեշտ պայմանագրերը:

Հայցվորը նշեց, որ ՀՀ օրենքով CV-ն չի կարգավորվում, այն թարգմանաբար նշանակում է անձի աշխատանքի և մասնագիտության մասին տվյալների թերթիկ, ինչպես նաև անձի ցանկության դեպքում ներառվում է նաև անձի մասին այլ տվյալներ: Ուստի, CV-ին որպես փակ ինֆորմացիա դիտարկելը չի բխում ՀՀ օրենսդրությունից, հետևաբար ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածը չի խախտվել:

Պայմանագրերի առևտրային գաղտնիք պարունակելը փաստաբանը իրենց կողմից ընդունելի չհամարեց, և քանի որ պատասխանողը պետական վարչական մարմինն է, ապա պետք է հիմնավորի իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում գտնվող այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր առարկությունները՝ համաձայն ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի հոդված 25-ի:

Օլգա Սաֆարյանը նշեց, որ իրենք կարծում են, որ հայցը լիարժեք է և այն պետք է բավարարվի, և պատասխանողին պետք է պարտադրվի տրամադրել հայցվորի պահանջած անհրաժեշտ պայմանագրերը և CV-ին:

Պատասխանող կողմն իր խոսքում հարց ուղղեց հայցվորին, թե արդյոք կա՞ օրենք, որ պարտադրի հեռուստատեսությանը ներկայացնել այնպիսի պայմանագրեր, ինչպիսիք են վերահեռարձակման պայմանագրերը: Հայցվորը պատասխանեց, որ վերահեռարձակելու վերաբերյալ որևէ դրույթ օրենքում նշված չէ:

Պատասխանողը նշեց, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի հոդված 48-ի 2-րդ մասով պահանջվող փաստաթղթերի ցանկը սպառիչ է, և իրենք չէին կարող օրենքով չսահմանված փաստաթղթեր ներկայացնել, քանի որ CV-ները չեն մտնում այդ ցանկի մեջ: Իսկ նույն հոդվածով սահմանված բոլոր պահանջվող փաստաթղթերը բաց են եղել: Պատասխանողն ավելացրեց, որ իրենք ոչ մի խախտում չեն կատարել, միայն 10 000 էջ կազմված փաստաթղթերից 30 էջը չեն տրամադրել, քանի որ այն առևտրային գաղտնիք էր պարունակում: Ներկայացուցիչը կարծում է, որ հայցն առարկայազուրկ է, և այս ամենը արվում է հայցվորի կողմից, որպեսզի ցույց տան, որ պետական մարմինը մերժել է:

Օլգա Սաֆարյանի դիտարկմանը, թե հանձնաժողովը կիսատ-պռատ է քննել մրցույթին կից ներկայացված փաստաթղթերը, քանի որ բավական ժամանակ է ունեցել ուսումնասիրության համար (շուրջ 50 օր), պատասխանողը նշեց, որ այն փաստաթղթերը, որոնք օրենքով չէին պահանջվել, բայց ներկայացվել են այս կամ այն կազմակերպության կողմից, չէին կարող որևէ ազդեցություն ունենալ գնահատականի վրա:

Այսքանով գործի քննությունն ավարտվեց, և դատական ակտի հրապարակման օր նշանակվեց սեպտեմբերի 27:

Տաթևիկ Շալջյան

Տես` http://hetq.am/arm/news/4323/

Share