«Panorama.am», 11.05.2012

Մոնիտորինգ. Հեռուստաընկերությունների կողմից քաղաքական ուժերի ներկայացուցիչների ասուլիսները լուսաբանվել են ակտիվորեն

Նախընտրական շրջանում, ինչպես նաև քարոզարաշվի ընթացքում հեռուսաընկերությունների կողմից քաղաքական ուժերի ասուլիսների լուսաբանումը բավականին ակտիվ է եղել, սակայն եղել են դեպքեր, երբ տվյալ ասուլիսը նկարահանվել է, բայց չի լուսաբանվել: Այս մասին ասուլիսում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` ներկայացելով «Քաղաքական ուժերի` նախընտրական շրջանում անցկացված մամուլի ասուլիսների լուսաբանումը» մոնիտորինգի տվյալները:

ԽԱՊԿ-ն իրականացրել է հեռուստաընկերությունների կողմից քաղաքական ուժերի ասուլիսների լուսաբանման մոնիտորինգ երկու փուլով` փետրվարից մինչև ապրիլի 8 և քարոզարշավի շրջան` ապրիլի 8-ից մինչև լռության օր` մայիսի 5: Դիտարկել են 7 մամուլի ակումբում հրավիրված ասուլիսների լուսաբանումը 10 հեռուստաընկերությունների («ԱՐ», «Արմենիա», «Արմնյուզ», «ATV», «Երևան», «Երկիր մեդիա», «Կենտրոն», Հ1, Հ2, «Շանթ») կողմից:

Այդ երեկու փուլերի ընթացքում 90 ասուլիս է դիտարկվել: Առաջին փուլում ակտիվ են եղել հատկապես ՀՀԿ-ի, «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատների» և ՀԱԿ-ի ներկայացուցիչներ, իսկ երկրորդ փուլում հիմնականում ակտիվություն են ցուցաբերել ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Հեռուստաընկերություններից առաջին փուլում ակտիվություն է ցուցաբերել Հ2-ը, «Երկիր Մեդիան», «Արմնյուզը» (դիտարկված ասուլիսների 50 ասուլիս), այնուհետև` «Կենտրոնը», «Արմենիան», Հ1-ը (35-45 տոկոս): Երկրորդ փուլում մեծ ակտիվություն է ցուցաբերել «Արմենիան»:
Դիտարկման արդյունքում պարզվել է, որ ընդդիմադիր ուժերից «Ժառանգությանը», ՀԱԿ-ին ավելի շատ ուշադրության են դարձրել, քան իշխանական երեք ուժերին:

«Ի տարբերություն նախորդ տարիների, նախընտրական շրջանում թե հանրային, թե մասնավոր ընկերությունները փորձեցին հավասակշիռություն ապահովել իշխանական ու ընդդիմադիր ուժերի ասուլիսների լուսաբանման գործում, այդպիսով` ապահովելով նաև նկատելի բազմակարծություն»,- ասաց Ա. Մելիքյանը:

Աղբյուր` Panorama.am

http://www.panorama.am/am/society/2012/05/11/monitoring/

Share