«Aravot.am», 17.05.2012

Լավագույնը տարածքային կառավարման նախարարության եւ Սյունիքի մարզպետարանի կայքերն են

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն երկու ամիս շարունակ` փետրվարի 15-ից ապրիլի 15-ը մոնիտորինգի է ենթարկել Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերը: Թվով 52 կայք է դիտարկվել, որոնք բաժանված են եղել երեք խմբի`ա) նախարարությունների եւ գերատեսչությունների, բ)մարզպետարանների եւ գ)պետական կարեւորագույն մարմինների` ՀՀ նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, ՍԴ-ի, մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքապետարանի, գլխավոր դատախազության կայքերը:

Հետազոտության արդյունքները այսօր ներկայացրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Հետազոտությունը, ըստ էության, միտված է եղել հասկանալու` որքանո՞վ են այդ կայքերը կատարում իրենց հիմնական գործառույթը` ապահովում քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքը:

Օգտագործելով Սանկտ-Պետերբուրգի Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի մշակած մեթոդաբանությունը, որը տեղայնացվել է Հայաստանին համապատասխան, կայքերը գնահատվել են 177 չափորոշիչների արդյունքում ստացած տեղեկատվական թափանցիկության գործակցի համաձայն:

Կազմվել է նաեւ ռեյտինգային աղյուսակ` ա) եւ բ) խմբերի համար, քանի որ դրանցում տեղ գտած կայքերը համադրելի էին, ավելին, մարզպետարանների կայքերն անգամ դիզայնով եւ տեխնիկական հատկանիշերով գրեթե նույնական էին: Երրորդ խմբում ընդգրկված են եղել իրար հետ անհամեմատելի գործառույթներով եւ նպատակներով կայքեր, այդ իսկ պատճառով նրանց համար ռեյտինգային աղյուսակ չի կազմվել:

Առաջին` նախարարությունների եւ գերատեսչությունների խմբում լավագույն ցուցանիշը գրանցել  տարածքային կառավարման նախարարությունը` թափանիցկության 57,2 ցուցանիշով: Նկատենք, որ  45-ից բարձր գործակիցը լավ արդյունքն է, 35-45` միջին եւ մինչեւ 35-ը` վատ: Տարածքային կառավարման նախարարությունը` mta.gov.am, փաստորեն, գերազանցիկ է եղել:

Նրան հաջորդում են 45-ից բարձր գործակից ունեցող եւս չորս գերատեսչություն` տրանսպորտի եւ կապի նախարարությունը` mtc.am, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեն`competition.am , կրթության եւ գիտության նախարարությունը` edu.am, Կենտրոնական բանկը` cba.am: Ամենավերջին տեղերում են արտակարգ իրավիճակների նախարարությունը` mes.am եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը`tvradio.am: Փաստորեն, ԱԻՆ-ին չեն փրկել նույնիսկ այլմոլորակայինների հետ հանդիպելու խորհուրդները, որոնք տեղադրված են այդ կայքում:http://mes.am/index.php?cat_id=457

Մարզպետարանների խմբում լավագույնը Սյունքի մարզի կայքն է` 45,55 գործակցով: Մյուս մարզպետարանները 45-ից բարձր գործակից չունեն:

Երրորդ խմբում լավագույն արդյունք ունի դատախազության կայքը` 55,58 գործակցով:

Հիմնական թերությունները դիտարկված  կայքերում թափուր աշխատատեղերի, այդ պետական մարմնում անցկացված կամ այդ մարմնի կողմից անցկացված ստուգումների արդյունքների մասին, բյուջեի կատարողականին վերաբերող տեղեկությունների բացակայությունն էր, ինչպես նաեւ` տեխնիկական որոշակի անհարամարավետությունը:

Մելանյա Բարսեղյան

http://www.aravot.am/2012/05/17/71511/

Share