Սերիալների հարցով նախագահին ուղղված բաց նամակը ցույց տվեց, որ եթերն անկախ չէ. Աշոտ Մելիքյան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ հակասոցիալական սերիալների հետ կապված բաց նամակը ուղղված ՀՀ նախագահին ցույց տվեց, որ Հայաստանում եթերն անկախ չէ:
«Մտավորականների այդ նամակը մեկ անգամ ևս ընդգծեց, որ մեզանում հեռարձակողներն ազատ չեն և մեծապես կախված են իշխանության հրահանգից»,– ասաց նա:
«Այսինքն՝ մտավորականները համարում են, որ նախագահից է կախված եթերի կանոնակարգումը: Իսկ նախագահի հետագա քայլը ցույց տվեց, որ, այո՛, դա այդպես է»,-ավելացրեց նա:
Աշոտ Մելիքյանը նշեց,ո ր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն նույնպես ընդհանուր մտահոգ է հայկական եթերի վիճակից:
«Եթերն իսկապես զարհուրելի է, բայց կտրականապես դեմ ենք այդ առաջարկներին, համարելով, որ դա թաքնված գրաքննության փորձ է: Անհրաժեշտ է ընդամենը բաց եղանակով փոխել «Հետուստատեսության և ռադիոյի մասին օրենքը»»,- բացատրեց նա։
Աշոտ Մելիքյանը հիշեցրեց, որ երբ իրենք բարձրաձայնում էին այն մասին, որ «Հետուստատեսության և ռադիոյի մասին օրենքը» բազմաթիվ դրույթներով հակասում է միջազգային նորմերին, նույն մտավորականներից ոչ մի արձագանք չեղավ:
«Անհրաժեշտ է պարտադրել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կատարել իր պարտականությունները հետևելով, թե ինչքանով են հեռուստաընկերությունները կատարում օրենքի պահանջները և ոչ թե մեկին տուգանեն կամ պատժեն, այլ շատ օբյեկտիվ տեսնեն, թե որքանով են համապատասխանում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է եթերի կարգավորմանը նա կարևորեց նաև այն, որ ստեղծագործական հարցերը պարտավոր են հեռուստաընկերություններն իրենք լուծել՝ ինքանկարգավորմամբ և էթիկայի նորմերի շուրջ:
Բացի այդ, Աշոտ Մելիքյանը նշեց, որ հեռուստասերիալները միակ լուրջ խնդիրը չեն։ «Կարևոր է նաև բազմակարծության խնդիրը: Այս մասին նույնպես, երբ բարձրաձայնում էինք կրկին մտավորականները ուշադրություն չէին դարձնում»,– նկատեց նա:
Աշոտ Մելիքյանն այս ամենից հետո կանխատեսում է, որ ընտրություններից առաջ եթերի վիճակը շեշտակի չի վատանա, բայց բարելավում նույնպես սպասելի չէ:
http://tert.am/am/news/2012/07/24/ashot-melikyan/