«Panorama.am», 3.12.2012

Մոնիտորինգ. Պետական մարմինները սկսել են ավելի թափանցիկ աշխատել

«Անցկացված մոնիտորինգը ցույց տվեց, որ պետական մարմինների կայքերի մեծամասնությունում, նախորդ տարվա համեմատ, արձանագրվել է բարելավում` թե բովանդակային, թե տեխնիկական չափորոշիչներով, հետևաբար գրանցվել է տեղեկատվական թափանցիկության գործակցի նկատելի բարձրացում»,- Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կողմից իրականացված «ՀՀ պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության խնդիրները` ըստ պաշտոնական կայքերի մոնիտորինգի» արդյունքները լրագրողներին ներկայացնելիս ասաց կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Ա. Մելիքյանը նշեց, որ պաշտոնական կայքերից հիմնականում բացակայում է բյուջետային ծախսերին վերաբերող տեղեկատվությունը, շատերին բնորոշ թերություններից է նաև թափուր պաշտոնների ցանկի, մրցույթների, աճուրդների մասին տեղեկատվության բացակայությունը կամ թերի լինելը: Իսկ, ընդհնարապես, պետական կայքերի բովանդակության բարելավման պատճառը ԽԱՊԿ նախագահի կարծիքով այն է, որ նախարարությունները, գերատեսչությունները հասկանում են, որ կայքերը լավագույն միջոցն է հասարակության հետ աշխատելու համար, ցույց են տալիս` ինչպես են աշխատում, եթե թափանցիկությունը ցածր է, կոռուպցիոն ռիսկերն ավելի բարձր են:
Նշենք, որ ԽԱՊԿ իրականացնում է Հայաստանի պետական մարմինների կայքերի մոնիտորինգ` դրանց տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով: Հետազոտությունը կատարվել է երկու փուլով` փետրվարի 15-ից ապրիլի 15-ը, երկրորդը` օգոստոսի 1-ից նոյեմբերի 1-ը: Այսօր ներկայացվեց երկրորդ փուլի արդյունքները:
Կայքերի դիտարկումն իրականացվել է 177 չափորոշիչով, որոնցից 150-ը բովանդակային են, իսկ 27-ը` տեխնիկական: Ուսումնասիրվել են պետական մարմինների 52 կայք, որոնք պայմանականորեն բաժանվել ենք երեք խմբի. առաջին խմբում ներառված են ՀՀ նախարարությունները, կառավարության առընթեր և այլ պետական մարմինները` 35 կայք:
Նախարարությունների, կառավարության առընթեր և այլ պետական մարմինների 35 կայքերից 25-ի ցուցանիշը բարելավել է, հինգը մնացել են գրեթե նույն մակարդակին, չորսը նկատելիորեն վատթարացել են, մեկն ընդհանրապես դադարել է գոյություն ունենալ:
Ըստ մոնիտորինգի, նախարարությունների, կառավարության առընթեր մարմինների կայքերի վարկանշային աղյուսակի առաջին տեղում տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքն է, այնուհետև` արդարադատության նախարարության, միգրացիոն ծառայության, ՏՄՊՊՀ, տրանսպորտի և կապի նախարարության կայքերը: Առաջին տասնյակում ընդգրկված են նաև` ԿԲ-ի, ԿԳՆ-ի, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքերը: Այս ցուցակի ամենավերջում ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կայքն է:
Երկրորդ խմբում ընդգրկված են 10 մարզերի պաշտոնական կայքերը: Մարզերի պաշտոնական կայքերի վարկանշային աղյուսակը գլխավորում է Սյունիքի մարզպետարանի կայքը, այնուհետև` Լոռու, Արմավիրի, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի, Վայոց Ձորի մարզպետարանների կայքերը: Ա. Մելիքյանը նշեց, որ մարզպետարանների կայքերը նույնպես բարելավել են իրենց բովանդակությունը:
Երրորդ խմբում ընդգրկված են ՀՀ նախագահի, ԱԺ-ի, կառավարության, ՍԴ-ի, դատախազության, Երևանի քաղաքապետարանի ու ՄԻՊ պաշտոնական կայքերը: Սրան վերաբերող վարկանիշային աղյուսակ չի կազմվել, քանի որ այդ մարմինների գործառույթները, դերը, ինչպես նաև հրապարակման ենթակա տեղեկությունների անհրաժեշտությունը տարբեր են, ստացված տվյալները համադրելի չեն: ՀՀ նախագահի պաշտոնական կայքի թափանցիկության աստիճանը 29,90 տոկոս է, ԱԺ կայքինը` 53,00 տոկոս, կառավարությանը` 42,75 տոկոս, ՍԴ-ինը` 42,71 տոկոս, դատախազությանը` 56,54 տոկոս, Երևանի քաղաքապետարանինը` 37,57 տոկոս, ՄԻՊ-ինը` 34,09 տոկոս:

Աղբյուր` Panorama.am

http://www.panorama.am/am/society/2012/12/03/monitoring/

Share