«Lragir.am», 17.07.2013

Աշոտ Մելիքյան. Ավելացել են լրատվամիջոցների և լրագրողների իրավունքների խախտումները

Այսօր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կոմիտեի՝ 2013 թ. ապրիլ-հունիս եռամսյակային զեկույցն է ներկայացրել, ըստ որի՝ արձանագրվել է 28 խախտում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երկրորդ եռամսյակում վիճակը խոսքի ազատության առումով վատթարացել է:

2013-ի երկրորդ եռամսյակում արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության չորս դեպք, որն առաջին եռամսյակի համեմատությամբ երկուսով ավելի է: 2012-ի նույն ժամանակահատվածում երեք ֆիզիկական բռնության դեպք է արձանագրվել, և բոլորն էլ առչնվել են ընտրություններին:

Երևանի ավագանու ընտրությունների օրը լրագրողների գործունեության խոչընդոտման դեպքերը 8-ն են: Ավելացել են  ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումները. եթե 2012-ին տասն էին, ապա 2013-ին դրանց թիվը հասել է 21-ի:

2013-ի երկրորդ կիսամյակում տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման երեք դեպք է գրանցվել, մինչդեռ 2012-ի նույն ժամանակահատվածում տասը խախտում էր գրանցվել։ Գրանցվել է նաև լրագրողների նկատմամբ չորս ֆիզիկական բռնության դեպք. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ դա մեկով ավելի է:

Աշոտ Մելիքյանի խոսքով, լրագրողները ընդհանուր առմամբ կարողացել են կատարել իրենց առաքելությունը և հասարակությանը ներկայացրել են ընտրությունների օբյեկտիվ պատկերը:

Աշոտ Մելիքյանը նշել է, թե որքանով են ոստիկանությունը ակտիվորեն արձագանքում արձանագրություններին: Նրա խոսքով՝ թե՛ ոստիկանապետի,  և թե՛ ոստիկանության աշխատակցի նկատմամբ խիստ նկատողություն հայտարարելը, լրագրողի անվտանգության հարցը լուծելը՝ ինչ արվում է, շատ լավ է, բայց դեռ անելիքներ շատ կան:

2013-ին երկրորդ եռամսյակում ավելացել են լրատվամիջոցների և լրագրողների իրավունքների խախտումները՝ հասնելով 21-ի, ինչը շատ է թե նախորդ տարվա նույն ժամանակահատվածի /13միջադեպ/, թե այս տարվա առաջին եռամսյակի /18 միջազդեպ/համեմատությամբ:

http://www.lragir.am/index/arm/0/right/view/85606

Share