«Tert.am», 17.07.2013

Միջազգային կազմակերպությունները ինչ գնահատական էլ տան ՝ ՀՀ-ում խոսքի ազատության վիճակը վատթարացել է. ՀԿ նախագահ

Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ եռամսյա տվյալները համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, պարզվել է, որ Հայաստանում խոսքի ազատության վիճակը վատթարացել է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Խոսքի ազատության պետական կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը։

«Ինչ գնահատական էլ տան միջազգային կազմակերպությունները կամ այլ կազմակերպություններ, որոնք վարդագույն ակնոցներով են ներկայացնում վիճակը, ես ունեմ փաստեր, որոնք ցույց են տալիս իրական վիճակը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

Աշոտ Մելիքյանը ներկայացրեց 2013թ. ապրիլ-հունիս ամիսների զեկույցը, որը ներառում է Երևանի ավագանու ընտրությունները։ «Զեկույցում առանձնացվել են ընտրությունների ժամանակ լրագրողների նկատմամբ ճնշումները, խախտումները: Ֆիզիկական բռնություններն այս եռամսյակում ավելի շատ են եղել, քան նախորդ տարի էր: Նույնը կարելի է ասել ճնշումների մասին»,- ասաց նա և թվարկեց, որ 2013-ի երկրորդ եռամսյակում արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 4 դեպք, որն առաջին եռամսյակի համեմատությամբ 2-ով ավելի է:

«Դրանցից մեկը տեղի է ունեցել Երևանի ավագանու ընտրություններին: 2012-ի նույն ժամանակահատվածում երեք ֆիզիկական բռնության դեպք է արձանագրվել, և բոլորն էլ առնչվել են ընտրություններին»,- ասաց նա և շարունակեց, որ Երևանի ավագանու ընտրությունների օրը լրագրողների գործունեությանը խոչընդոտելու դեպքերը 8-ն են եղել։

«Ճնշումները ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ, եթե 2012-ին 10-ն էին, ապա 2013-ին դրանց թիվը հասել է 21-ի, որոնցից 8-ը` ընտրությունների ժամանակ է եղել, իսկ քարոզարշավի ընթացքում 1 ֆիզիկական բռնության փաստ է արձանագրվել»,- ասաց նա։

Ի դեպ, նա նշեց, որ ըստ զեկույցի՝ արձանագրվել է նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 3 դեպք:

http://www.tert.am/am/news/2013/07/17/ashot-meliqyan/

Share