Ատելության խոսքի դրսեւորումները Հայաստանյան ԶԼՄ-ներում

Միջանկյալ զեկույց`

ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի մոնիտորինգի տվյալների

 (ապրիլհուլիս, 2013 թ.)

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

2013 թ. ապրիլից Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ, իրականացնում է հայաստանյան ԶԼՄ-ների մշտադիտարկում` դրանց հրապարակումներում ատելության խոսքի (hate speech) վերհանման նպատակով: Ըստ մոնիտորինգն իրականացրած խմբի` սույն հետազոտությունը թույլ է տալիս պարզել ատելություն պարունակող արտահայտությունների քանակն ու բնույթը եւ կարող է նպաստել, որ հայաստանյան լրատվամիջոցները նկատելիորեն նվազեցնեն կամ առհասարակ զերծ մնան դրանց գործածումից:

Մշտադիտարկման մեթոդաբանությունը կատարելագործելու նպատակով`2013 թ. մարտի 18-ից 31-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրեց փորձնական («պիլոտային») դիտարկում: Սրան հաջորդեց հիմնական հետազոտությունը: Այն կատարվում է երկու փուլով։ Առաջինն ընդգրկում է 2013 թ. ապրիլ-հուլիս ամիսները, երկրորդը կիրականացվի օգոստոս-դեկտեմբեր ժամանակահատվածում:

Հետազոտվել է հայաստանյան 9 լրատվամիջոց` 3 հեռուստաընկերություն («Հ1» հանրային, «Երկիր մեդիա», «Կենտրոն»), 3 տպագիր ԶԼՄ («Ազգ», «Հայկական ժամանակ», «Հայոց աշխարհ» օրաթերթեր), 3 առցանց ԶԼՄ («1in.am», «7or.am», «Tert.am» լրատվական կայքեր): Հեռուստաընկերությունների մշտադիտարկման օբյեկտ են հանդիսացել լրատվական ծրագրերի («Հ1»-ի եթերում` «Հայլուր», «Երկիր մեդիայի» եթերում` «Երկիրն այսօր»/«Երկրի շաբաթը», «Կենտրոն»-ի եթերում` «Էպիկենտրոն») հիմնական թողարկումների նյութերը, ինչպես նաեւ` այդ թողարկումներին հաջորդող վերլուծական հաղորդումները (համապատասխանաբար` «Տեսանկյուն», «Երկրի հարցը», «Ուրվագիծ»):

Տպագիր եւ առցանց ԶԼՄ-ների դեպքում հաշվառվել եւ դիտարկվել են բոլոր հրապարակումները՝ բացի առեւտրային, քաղաքական, սոցիալական գովազդներից ու հայտարարություններից:

ԶԼՄ-ների հրապարակումները/տեսանյութերը դիտարկվել են թեմատիկ բաժանմամբ`ըստ հետեւյալ տեսակների. ռասայական, ազգային, քաղաքական, սոցիալական, լեզվական, կրոնական, սեռական եւ այլ (վերը նշվածներից տարբերվող): Ինչպես նաեւ հաշվի են առնվել հետեւյալ չափանիշները՝  ատելության արտահայտության առկայությունը, ի՞նչ է ասված տվյալ արտահայտությամբ (թեմատիկ ո՞ր խմբին է պատկանում), ինչպիսի՞ն է խմբագրության վերաբերմունքն այդ արտահայտության նկատմամբ (քննադատություն, համաձայնություն կամ չեզոք), ո՞վ է ատելության խոսքի հեղինակը (լրագրող, քաղաքական գործիչ/պետական պաշտոնյա, գիտնական/ փորձագետ, ՀԿ ներկայացուցիչ/հասարակական գործիչ , միջազգային/ արտասահմանյան կազմակերպության ներկայացուցիչ, «vox populi», կրոնական գործիչ եւ այլն), եւ ո՞րն է ատելության խոսք պարունակող տեղեկատվության աղբյուրը (հետազոտվող ԶԼՄ, տեղական այլ ԶԼՄ, արտասահմանյան ԶԼՄ):

Սույն զեկույցում ներկայացվում են առաջին փուլի արդյունքները:

Կարդալ ավելին

Share

No comments yet.

Ավելացնել մեկնաբանություն