Հայաստանյան հեռուստաեթերում քաղաքական ուժերի մամուլի ասուլիսների լուսաբանման մոնիտորինգ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2012 թվականի փետրվարի 15-ից մինչեւ մայիսի 4-ը (ներառյալ) իրականացրեց երեւանյան մամուլի ակումբներում քաղաքական եւ հասարակական գործիչների մամուլի ասուլիսների՝ հեռուստաեթերում լուսաբանման դիտարկում (մոնիտորինգ):

Նպատակն էր` պարզել, թե 2012 թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին նախորդող ժամանակահատվածում մայրաքաղաքային եւ համերկրային սփռում ունեցող հեռուստաընկերություններն (ՀԸ-ներ) ինչ հետաքրքրություն են դրսեւորելու ընտրություններին մասնակցող, որոշ  դեպքերում նաեւ` չմասնակցող, բայց հանրությանն ասելիք ունեցող տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների ասուլիսների նկատմամբ։ Ուշադրության է արժանացել նաեւ այն, թե ՀԸ-ները որքանով համարժեք են լուսաբանել այդ ասուլիսները եւ ընտրողներին անաչառորեն ներկայացրել նախընտրական ծրագրերն ու ուղերձները: Քաղաքական ուժերի ներկայացուցիչների ասուլիսներից զատ` դիտարկվել են նաեւ հասարակական գործիչների (ՀԿ-ների ղեկավարներ, փորձագետներ, վերլուծաբաններ) այն ասուլիսները, որոնց թեման առնչվել է ընտրություններին։

Համաձայն մեթոդաբանության` դիտարկվել են քաղաքական եւ հասարակական գործիչների ոչ բոլոր ասուլիսները, այլ` միայն նրանք, որոնք տեղի են ունեցել մայրաքաղաքի առավել ակտիվ գործող հետեւյալ 7 մամուլի ակումբներում`«Իրատես դե ֆակտո»,  «Հայացք», «Հայելի», «Հենարան», «Պոստ սկրիպտում», «Ուրբաթ», «Փաստարկ», առանձին դեպքերում նաեւ` «Մամուլի ազգային ակումբ»: Հետազոտության մեջ ներառվել են հասարակական-քաղաքական լուրերի թողարկումներ ունեցող հետեւյալ 10 հեռուստաընկերությունները` «Ար», «Արմենիա»,  «Արմնյուզ», «ATV», «Երեւան», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Հ1», «Հ2», «Շանթ»:

Ուսումնասիրությունը կատարվել է 2 փուլով. առաջինը պաշտոնական քարոզարշավին նախորդող փուլն է եւ ընդգրկում է փետրվարի 15-ից մինչեւ ապրիլի 8-ը, երկրորդը ներառում է բուն քարոզարշավի շրջանը` ապրիլի 8-ից մինչեւ մայիսի 4-ը։

Հետազոտությունն իրականացվել է` հաշվառելով հեռուստաընկերությունների կողմից տվյալ ասուլիսի նկարահանումը (աշխատակիցների ներկայությունը) եւ դիտարկելով այդ ՀԸ-ների եթերում դրանց լուսաբանումը:

Կարդալ ավելին

Share

No comments yet.

Ավելացնել մեկնաբանություն