2016 թ. երկրորդ եռամսյակային զեկույց (ապրիլ-հունիս)

2016 թ. երկրորդ եռամսյակն ընտրությունների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող օրենսդրության բուռն քննարկումների ժամանակահատված էր։ Ընդհանուր առմամբ այդ քննարկումները դրական արդյունքների չհանգեցրին։ Ի վերջո ընդունվեց մի ընտրական օրենսգիրք, որը ԶԼՄ-ների գործունեությունն անհիմն սահմանափակող մի շարք դրույթներ է պարունակում։ Այս առումով միակ դրական փաստը կարելի է համարել այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքի հետ մի փաթեթում ներկայացված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող լրացումների եւ փոփոխությունների  նախագծից հաջողվեց հանել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի համար նախատեսված լրացուցիչ պատժիչ լիազորությունը՝ հեռուստաընկերության լիցենզիայի կասեցումն՝ ընտրությունների ժամանակ կրկնակի խախտում հայտնաբերելու պարագայում։

  ԶԼՄ-ների գործունեության կարգավորման առումով ուշագրավ էր հունիսի 2-ին 15 լրատվամիջոցների ղեկավարների հայտարարությունը, որում բարձրացված խնդիրները, սակայն, լրացուցիչ քննարկումների եւ օպտիմալ լուծումներ փնտրելու կարիք ունեն։ 

Դիտարկվող ժամանակաշրջանում ԽԱՊԿ-ը շարունակել է հետեւել 2015 թվականի հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում ոստիկանական գործողությունների ժամանակ լրագրողների եւ օպերատորների նկատմամբ ֆիզիկական բռնությունների ու մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստերով հարուցված քրեական գործի ընթացքին։ ԽԱՊԿ-ի գնահատմամբ՝ այն անարդյունավետ է եւ ձեւական. դեպքերից մեկ տարի անց տարբեր ԶԼՄ-ների 21 աշխատակիցների տուժող ճանաչված լինելու պարագայում գործով որեւէ կասկածյալ կամ մեղադրյալ չկա։ Մինչդեռ դեկտեմբերի 6-ին՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, արձանագրված նմանատիպ իրավախախտումների փաստերով հարուցված քրեական գործերի պատկերն այլ է. դրանք ուղարկվել են դատարան։ «Հունիսի 23-ի» եւ «դեկտեմբերի 6-ի» գործերին քննչական մարմնի տարբեր մոտեցումները պայմանավորված են նրանով, որ առաջին դեպքում պատասխանատվության պետք է ենթարկվեն ոստիկանները, այդ թվում նաեւ՝ բարձրաստիճան, երկրորդում՝ քաղաքացիական անձինք։ Իսկ Հայաստանում լրագրողների իրավունքները խախտած ոստիկանները, ձեւավորված վատ ավանդույթի համաձայն, չեն պատժվում։

2016 թ. երկրորդ եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 3 դեպք (առաջին եռամսյակում այդպիսիք չկային)։ Լրատվամիջոցների եւ դրանց ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների քանակը 10-ն է, ինչը երկու անգամ պակաս է, քան առաջին եռամսյակում։ Այս տարբերությունը պայմանավորված է նաեւ ԶԼՄ-ների եւ լրագրողների դեմ դատական հայցերի քանակի նվազմամբ. այս տարվա առաջին եռամսյակում վարույթ է ընդունվել 11 նոր գործ, իսկ երկրորդում՝ ընդամենը 1։ Այս տարվա ապրիլ-հունիս ամիսներին արձանագրվել է տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի 5 խախտում, ինչը 5-ով պակաս է, քան նախորդ եռամսյակում։ 

Կարդալ ավելին

Share
No comments yet.

Ավելացնել մեկնաբանություն