2009 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԼՄ-ՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ընդդեմ խոսքի ազատության հարձակումների ակտիվությամբ եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների քանակով 2009-ը կարելի է պայմանականորեն բաժանել երկու իրարից տարբեր ժամանակահատվածների. առաջին կիսամյակը բնութագրվեց այն նույն բացասական միտումներով, որոնք բնորոշ էին նախորդ՝ 2008 թվականին, երկրորդը՝ եղավ համեմատաբար հանգիստ:

2009-ի սկզբին ազդեցիկ միջազգային կազմակերպությունները հրապարակեցին 2008 թվականին աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների վիճակի մասին տարեկան զեկույցները, որոնցում մեր երկրի իրավիճակը ներկայացվում էր սուր քննադատական երանգներով: Մասնավորապես, ՙՀյուման Ռայթս Ուոթչ՚, ՙՖրիդոմ Հաուս՚, Ժուռնալիստների պաշտպանության կոմիտե (CPJ) եւ այլ կազմակերպություններ իրենց եզրակացություններում արձանագրում էին, որ 2008 թվականին ՀՀ իրավապահ մարմինները խոչընդոտել են լրագրողների մասնագիտական գործունեությունը, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ահաբեկելու եւ բռնությունների դեպքերի անպատիժ մնալը հանգեցնում է ինքնագրաքննության եւ խոսքի ազատության սահմանափակման:

Մինչդեռ, 2009 թվականի առաջին կիսամյակում երկրում նմանատիպ իրավախախտումները պակաս չէին 2008 թվականից, որն այդ առումով, համենայն դեպս՝ վերջին տասնամյակում, աննախադեպ էր: 2009 թվականի հոկտեմբերի 20-ին ՙԼրագրողներ առանց սահմանների՚ (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակեց ԶԼՄ-ների ազատության իր հերթական վարկանիշերը: Հետազոտությունն անց էր կացվել 175 երկրներում եւ հիմնված էր 2008 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 2009 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակաշրջանի իրադարձությունների գնահատման վրա: Նախորդ հետազոտության արդյունքների համեմատ 9 կետով իր դիրքը զիջած (111-րդ տեղում հայտնված) Հայաստանի վարկանիշի շարունակական վատացումը ՙԼրագրողներ առանց սահմանների՚ կազմակերպությունը բացատրում է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների փաստերով եւ քաղաքական լարվածությամբ, ինչը անբարենպաստ ազդեցություն է ունեցել ԶԼՄ-ների եւ ընդհանրապես հասարակության վրա:

Բռնությունների եւ լրագրողների ու ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների այլ ձեւերի բարձրակետը 2009 թվականի մայիսի 31-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակաշրջանում էր: Այս իմաստով իրավիճակը շատ բանով հիշեցնում էր 2008 թվականի նախագահական ընտրարշավը: Կրկին հաստատվեց տխուր օրինաչափությունը. ներքաղաքական իրավիճակի սրման ժամանակ ակտիվանում են ԶԼՄ-ների ազատության դեմ հարձակումները:

Կարդալ ավելին

Հարակից Հոդվածներ