2010 թ. երկրորդ եռամսյակային զեկույց

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՈՒ ԶԼՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի երկրորդ եռամսյակային զեկույց (ապրիլ – հունիս, 2010 թ.)

2010 թվականից սկսած Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացնում է Հայաստանում խոսքի ազատության վիճակի մասին եռամսյակային միջանկյալ զեկույցներ, ընդգրկելով ՝

1. Խոսքի եւ մամուլի ազատությանը վերաբերող օրենսդրությունն ու դրանում կատարվող փոփոխություներն ու գործընթացները,

2. Տնտեսական միջավայրն ու դրա ազդեցությունները ԶԼՄ-ների վրա,

3. Քաղաքական միջավայրն ու դրա ազդեցությունները ԶԼՄ-ների վրա,

4. Լրատվամիջոցների եւ լրագրողների իրավունքների խախտումները:

Առաջին եռամսյակային զեկույցը ներկայացվել է ս.թ. ապրիլի 8-ին:

Սույն զեկույցն ընդգրկում է 2010 թվականի ապրիլ-հունիս ամիսները:

 1. Խոսքի եւ մամուլի ազատությանը վերաբերող օրենսդրությունը

2010 թվականի երկրորդ եռամսյակում, ինչպես եւ հունվար-մարտ ամիսների ընթացքում, խոսքի եւ մամուլի ազատությանն առնչվող օրենսդրական նախաձեռնությունների պակաս չէր զգացվում:

 Մայիսի 18-ին Ազգային ժողովն ընդունեց օրինագծերի մի փաթեթ, որը ներառում էր «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը: Նախագծերի հեղինակները կոալիցիոն երեք կուսակցությունների ներկայացուցիչներ էին՝ Հովհաննես Սահակյան (ՀՀԿ), Հովհաննես Մարգարյան (ՕԵԿ), Ռուբեն Գեւորգյան (ԲՀԿ): Այս օրինագծերով նախատեսվում էր զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացում, այսինքն՝ այդ օրինախախտումները Քրեական օրենսգրքի կարգավորման դաշտից տեղափոխվում էին Քաղաքացիական օրենսգրքի կարգավորման դաշտ: Փաթեթում հիմնականը «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքն էր: Առաջին ընթերցումից (2010 թ. մարտի 18-ին, տես՝ ԽԱՊԿ առաջին եռամսյակային զեկույցը) հետո ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպեց խորհրդարանական լսումներ: Այնուհետեւ ձեւավորվեց աշխատանքային խումբ՝ նախագիծը լրամշակելու համար: Թեպետ լրամշակումից հետո շատ մտահոգություններ փարատվել են, սակայն որոշ փորձագետների կարծիքով քանի դեռ Քրեական օրենսգրքում մնում է  333-րդ  («Սուտ մատնությունը») հոդվածը, որի ձեւակերպումները քիչ են տարբերվում զրպարտությունից, ապա միշտ կա լրատվամիջոցներին քրեական պատասխանատվության ենթարկելու վտանգը:

Կարդալ ավելին

Share
No comments yet.

Ավելացնել մեկնաբանություն