ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի աշխատանքային խումբը 2010 թվականի օգոստոս-դեկտեմբերին իրականացրել է Հայաստանում հեռուստառադիոհեռարձակման թվայնացման համակարգին անցնելու գործընթացի ուսումնասիրություն, որի ընթացքում փորձագետները հետազոտել են դրան առնչվող օրենսդրական եւ այլ նորմատիվ փաստաթղթերը, ինչպես նաեւ՝ հետեւել են դրանց կիրառմանն ու գործընթացի շրջանակներում իրականացվող քայլերին, ուսումնասիրել ինչպես համակարգի ներդրման, այնպես էլ բնակչությանը դրան նախապատրաստելու, այսինքն՝ հանրային իրազեկման միջազգային փորձը:
Ուսումնասիրությունների արդյունքում հրապարակվող սույն փաստաթուղթը բաղկացած է 3 մասից՝
1. Բնագավառը կարգավորող օրենսդրությունը,
2. Թվայնացման անցման տեխնիկական խնդիրներ,
3. Հանրային համաձայնությունը հեռարձակման թվայնացմանն անցնելու ընթացքում:
Բոլոր երեք մասերում նախ տրվում է իրավիճակի վերլուծությունը, ապա ներկայացվում են առաջարկություններ: