Որակյալ մեդիաները լավ հակազդեցին արտաքին ինֆորմացիոն ինտերվենցիաներին․ Աշոտ Մելիքյան. factor.am

Ազգային ժողովի ընտրություններում հայ հասարակության «հավաքական գիտակցությունն աշխատեց» և դիմակայեց Կրեմլի կողմից իրականացվող արտաքին միջամտությանը, սակայն ձևավորվելիք ԱԺ-ը, միևնույն է, «շատ վատ խորհրդարան է» լինելու։ Այսպիսի գնահատական է տվել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Factor TV-ի հետ զրույցում՝ վերլուծելով ընտրությունների արդյունքները և դրանց նախորդող քարոզարշավը։

Նրա խոսքով, հայաստանյան բազմազան, թեև բևեռացված մեդիան ընդհանուր առմամբ լավ է լուսաբանել ընտրությունները, և ընտրողը հնարավորություն է ունեցել ծանոթանալու տարբեր քաղաքական ուժերի դիրքորոշումներին։ Ընտրական գործընթացների ընթացքում ԽԱՊԿ-ն արձանագրել է շուրջ 10 «խնդրահարույց» միջադեպ՝ կապված լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումների հետ։ Սակայն Մելիքյանի խոսքով, այս անգամ կազմակերպությունը որոշել է առայժմ հայտարարությամբ հանդես չգալ, քանի որ որոշ դեպքերի հանգամանքները դեռ պետք է ճշտվեն։ «Օրինակ, Սպիտակի քաղաքապետի տեղակալի վարքը «Ազատություն» ռադիոկայանի աշխատակցի նկատմամբ, երբ ինքը հարվածեց տեսախցիկին և ձեռքին։ Նույն համայնքապետը շատ այսպես արհամարհական, վիրավորական կերպ շփվեց լրագրողի հետ։ Այստեղ ամեն ինչ երևում է»,- նշել է նա։

Աշոտ Մելիքյանի համոզմամբ՝ այս ընտրությունները մարտահրավեր էին Հայաստանի համար՝ արտաքին տեղեկատվական ներխուժումների և մանիպուլյացիաների տեսանկյունից։ «Այդ ինֆորմացիոն ներխուժումները, ինտերվենցիաները, իհարկե, մեծ ազդեցություն չէին կարող ունենալ, եթե… Դրանց ազդեցությունը շատ ավելի մեղմվել է հենց այդ փաստերի ստուգման և, ընդգծեմ, որակյալ լրատվամիջոցների հակազդեցության շնորհիվ։ Իհարկե, մենք գիտենք, որ այդ ինտերվենցիան նաև հիմնվում էր մեր երկրի ներսում, նաև լրագրողական դաշտում «հինգերորդ շարասյան» վրա, որոնք սպասարկում էին այդ ռուսական շահերը», – նշել է ԽԱՊԿ նախագահը։

Նրա խոսքով, չնայած այս ճնշումներին, հայ հասարակությունը կարողացավ դիմակայել։ «Ես ուղղակի ասեմ, որ մինչև վերջին պահը ես իմ մեջ մտածում էի՝ արդյո՞ք մեր հասարակության այդ հավաքական գիտակցությունը կաշխատի, թե՞ չի աշխատի։ Եվ տվյալ պարագայում, այո՛, կարելի է ասել, որ հույսերը կարող ենք չկտրել, և մեր հասարակությունը բավականին լավ է զգում այն վտանգը, որը կարող է պետության և հասարակության համար լինել։ Սա, փաստորեն, պատերազմ էր հայտարարված մեր երկրին, և բացեիբաց պահանջներ էր ներկայացվում»։ Ըստ Աշոտ Մելիքյանի՝ Ռուսաստանի իշխանության քաղաքականությունը հիմնված է «կամ դու իմ ստրուկն ես, կամ իմ թշնամին ես» բանաձևի վրա, և Հայաստանը այս ընտրություններով մերժեց այդ մոտեցումը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ ԱՅՍՏԵՂ

 

Կարդալ նաև