«Ա1+», 19.01.2010

Քաղաքական դատավճիռ էր

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանի կարծիքով` Նիկոլ Փաշինյանը պետք է արդարացվեր, որովհետեւ մեղադրանքը դատարանում չի ապացուցվել: «Հանգիստ կարող ենք ասել, որ սա քաղաքական դատավճիռ է եւ ուրիշ ոչ մի բան: Նույնիսկ մինչեւ համաներում չպետք է հասներ, այսինքն դատարանի դահլիճից նա պետք է ազատ արձակվեր:Եթե Հայաստանում լիներ անկախ դատարան, անկախ դատավոր, անկախ դատական համակարգ, հանգիստ կարդարացվեր»,- ասաց Մեսրոպ Հարությունյանը: Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման: Իսկ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն կարծում է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի ազատազրկման դատապարտելը կապված է նրա քաղաքական գործունեության հետ: «Այնուամենայնիվ իմ ասածը չի նշանակում, որ ես համաձայն եմ այդ դատավճռի հետ: Սա քաղաքական հետապնդում էր: Բացի դա, այնտեղ համաներման հնարավորություն կար, որը ավելի կկոնսոլիդացներ մեր հասարակությունը եւ եթե իշխանությունները այդ քայլին կանգնեին, ավելի բարենսպաստ մթնոլորտ կստեղծվեր մեր երկրում: Ցավոք, պետք է արձանագրենք, որ քաղաքական գործունեության համար նույնպես այսպիսի խիստ վճիռներ են լինում»,- ասաց նա: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն այսօր հրապարակեց 2009 թվականի տարեկան զեկույցը: Ընդհանուր առմամբ` 2009 թ լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքների ավելի քիչ խախտումներ են արձանագրվել, քան 2008-ին: Հիշեցնենք,ո ր 2008թ ընտրական տարի էր: 2008 թվականին գրանցվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 18 դեպք, իսկ 2009 թվականին` 11 դեպք: ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների վրա ճնշումների 16 դեպք է գրանցվել2008թ, իսկ 2009թ-ին 14 դեպք: Տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումները այս տարի նվազել են 1-ով: Անցյալ տարի գրանցվել է 14, իսկ այս տարի 13 դեպք: Աշոտ Մելիքյանը կարծում է, որ խոսքի ազատության տեսակետից Հայաստանն անազատ երկիր է: Իսկ Մեսրոպ Հարությունյանը մտահոգիչ է համարում անցյալ տարի օգոստոսի 21-ին ՀՀ ԱԺ-ում հաստատված լրագրողների հավատագրման նոր կարգը: Ըստ ԱԺ հաստատած կարգի`լրագրողը հավատարմագրումից զրկվում է, եթե նա տարածել է ԱԺ-ի եւ աշխատակազմի գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով:

Կարդալ նաև

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.