Լրագրողների նկատմամբ բռնություններ լինում են հատկապես ընտրությունների ժամանակ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի Հայաստանում լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքներ խախտումների մասին 2009 թվականի տարեկան զեկույցում արձանագրված լրագրողների նկատմամբ բռնությունների մեծ մասը տեղի է ունեցել մայիսի 31-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ: Բացի այդ բռնություններից, զեկույցում ընգրկվել են մի շարք այլ միջադեպեր:
2009 թվականի ապրիլի 8-ի երեկոյան, Երեւանի Հյուսիսային պողոտայում ընդդիմության բողոքի միջոցառման ժամանակ հարձակման էր ենթարկվել «Ա1+» հեռուստաընկերության թղթակից Դավիթ Ջալալյանը: Վերջինս Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին տեղեկացրել է, որ ոստիկանները հարձակվել եւ ծեծել են իրեն, երբ փորձել է լուսանկարել ցուցարարների դեմ նրանց գործողությունները:
«Ա1+»-ի խմբագրություն վերադառնալուց հետո Դավիթ Ջալալյանի ինքնազգացողությունը վատացել էր: Նա տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ ստացել էր բժշկական օգնություն:
Սպանության փորձ` լրագրողի նկատմամբ
Ապրիլի 30-ի լուսաբացին` ժամը 5-ին մոտ, Երեւանում, իր տան շքամուտքում դաժան ծեծի էր ենթարկվել «Armenia Today» լրատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանը: Անհայտ անձինք փայտե մահակներով հարձակվել են նրա վրա, երբ լրագրողը նույն շենքում տեղակայված իր գրասենյակից տուն էր վերադառնում:
Արգիշտի Կիվիրյանը ծանր վիճակում, գլխի եւ մարմնի բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Արգիշտի Կիվիրյանի վրա հարձակման փաստով ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 117` «Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը» հոդվածով:
Հետագայում գործը հանձնվել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթ, որտեղ այն վերաորակավորվել էր ՀՀ ՔրՕր-ի 34-104 հոդվածով` սպանության փորձ: Հուլիսի 11-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող երկու անձանց նկատմամբ իբրեւ խափանման միջոց ընտրել էր կալանքը: Նրանց մեղադրանք էր ներկայացվել Արգիշտի Կիվիրյանի դեմ սպանության փորձի համար:
Հրանտ Վարդանյանի որդին առնչություն չունի՞
Մայիսի 6-ի երեկոյան բռնություն էր իրականացվել «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանի նկատմամբ: Երկու անհայտ անձինք, դարանակալել էին լրագրողին իր տան մոտ, հարձակվել վրան, հարվածներ հասցրել, տապալել գետնին եւ դիմել փախուստի: Նվեր Մնացականյանը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշել էին «թեթեւ մարմնական վնասվածքներ» եւ անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերել:
Լրագրողը վստահաբար հայտարարել էր, որ այդ միջադեպը առնչություն ունի իր մասնագիտական գործունեությանը: Երեւանի Մաշտոցի ոստիկանության բաժանմունքում Նվեր Մնացականյանի վրա հարձակման փաստով հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔրՕր-ի 113 հոդվածի 2-րդ մասի 3 կետով («Մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը»):
ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը օգոստոսի 21-ի մամուլի ասուլիսում այս գործի կապակցությամբ հայտնել էր, թե լրագրողը սխալմամբ է տուժել: Ըստ նրա` ծեծի ենթարկող երկու երիտասարդներից մեկը Նվերին շփոթել էր իր սիրած աղջկա հոր հետ, եւ միջադեպին «Գրանդ Քենդի» ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանի որդին որեւէ առնչություն չունի: Ոստիկանապետն ասել էր նաեւ, թե նույնիսկ Նվեր Մնացականյանն է դա հաստատել:
Սակայն հաջորդ օրն իսկ լրագրողը «Report.am» ինտերնետային հրատարակությանն ասել էր. «Ես ցավում եմ, որ մեր իրավապահներն այդ վիճակում են: Եթե ոչ հրապարակային, բայց հարմար առիթների ժամանակ ես բազմիցս ասել եմ, որ դա նրանք են, իսկ ինձ հետապնդող մեքենան էլ եղել է «Գրանդ քենդիի» «նիվաներից»:
Ընտրությունները լրագրողներին ծեծելու հարմար առիթ էին
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկուցյում նշված է, որ 2009 թվականի մայիսի 31-ին ժամը 10:30-ի սահմաններում 9/01 ընտրատեղամասում բախում էր տեղի ունեցել Աժ պատգամավոր Լեւոն Սարգսյանի թիկնազորի եւ «Չորրորդ իշխանություն», «Հայք», «Ժամանակ» թերթերի թղթակիցների միջեւ: Պատգամավորը իր թիկնապահներին հրահանգել էր լրագրողներ Գոհար Վեզիրյանին, Տաթեւ Մեսրոպյանին եւ Մարինե Խառատյանին դուրս հանել տեղամասից:
Փոխադարձ վիրավորանքներով եւ հայհոյանքներով ուղեկցված բախման ժամանակ «ՉԻ» թղթակից Գոհար Վեզիրյանը ծեծի էր ենթարկվել, ընդ որում` հարվածել էին նրա դեմքին եւ փորին: Պատգամավորի թիկնապահները խլել էին նաեւ «Ժամանակ» թերթի լրագրող Մարինե Խառատյանի ձայնագրիչը եւ հեռախոսը: Երեք լրագրողներն էլ ստիպված լքել էին ընտրատեղամասը:
Ժամը 15-ի սահմաններում 8/01 ընտրատեղամասում բռնություն էր իրականացվել «Հայկական ժամանակ» օրաթերթի արտահաստիքային թղթակից Արթուր Հովակիմյանի նկատմամբ: Երբ լրագրողը նկատել էր, որ ատլետիկ կազմվածքով երիտասարդների մի խումբ ցանկանում է լցոնումներ կատարել, սկսել էր նկարել: Երիտասարդները մոտեցել էին նրան, վզից պոկել խմբագրական վկայականը, խլել խցիկը եւ սպառնացել:
Երբ Արթուր Հովակիմյանը ասել էր, թե դա իր աշխատանքն է, նրանցից մեկը պատասխանել էր. «Իմ գործն էլ քո գլուխը ջարդելն է»: Լրագրողը ստիպված էր եղել լքել ընտրատեղամասը: Նրան վերադարձրել են խցիկը` նկարահանածը ջնջելուց հետո:
16:20-ի սահմաններում 8/05 ընտրատեղամասում հարձակման էին ենթարկվել «168 ժամ» թերթի լրագրող Արմինե Ավետյանը, «Tert.am» կայքի լրագրող Լիլիթ Թադեւոսյանը եւ Թրասնփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն կազմակերպության դիտորդ Սոնա Այվազյանը: Վերջիններս նկատել էին, որ տեղամաս մտած տղաների մի խումբ փորձում է քվեաթերթիկներ լցնել քվեատուփի մեջ:
Սոնա Այվազյանը փորձել էր խոչընդոտել, իսկ լրագրողները` լուսանկարել տեղի ունեցողը: Դրանից հետո այդ մարդիկ ոլորել էին լրագրողների եւ դիտորդի ձեռքերը, հեռացրել քվեատուփից ու լցոնում իրականացրել: Ըստ Արմինե Ավետյանի` իրենից խլել էին ֆոտոապարատը եւ ձայնագրիչը, բայց վարկաբեկիչ ոչինչ չգտնելով` վերադարձրել էին:
Բախման ընթացքում լրագրողը թեթեւ վնասվածք էր ստացել: Ըստ Լիլիթ Թադեւոսյանի` երբ ինքը փորձել էր տեսնել, թե ինչ է կատարվում, իրեն էլ էին քաշքշել եւ թույլ չէին տվել նկարել:
Նույն օրը Ժամը 17:30-ի սահմաններում 7/25 ընտրական տեղամասում մի երիտասարդ հարձակվել էր «Առավոտ» օրաթերթի թղթակից Նելլի Գրիգորյանի վրա: Վերջինս, տեսնելով, թե ինչպես է այդ երիտասարդը սպառնում ՀԱԿ-ի վստահված անձին, խցիկը ձեռքին մտել էր տեղամաս, փորձել նկարել:
Սպառնացողը թողել էր վստահված անձին, բռնել լրագրողի շորերից, քաշքշել ու այդ ընթացքում գոռացել. «Արա դու էս ո՞վ էս, ո՞վ ա քեզ թողել նկարես», այնուհետեւ խլել էր լրագրողի ֆոտոխցիկն ու փախել անհայտ ուղղությամբ: Ընտրատեղամասում եղել էին էլի մի խումբ տղաներ, ովքեր այն բանից հետո, երբ լրագրողը հայտարարել էր, որ խոչընդոտվել է իր մասնագիտական աշխատանքը, վազել էին այն ուղղությամբ, ուր փախել էր չարագործը: Ըստ Նելլի Գրիգորյանի. «Քիչ անց նրանք վերադարձան ֆոտոխցիկով, սակայն առանց հիշողության չիպի»:
Ընտրությունների հաջորդ օրը` հունիսի 1-ին ՀՀ գլխավոր դատախազությունը տարածեց մամլո հաղորդագրություն, որով տեղեկացրեց, թե քրեական գործ է հարուցվել լրագրողների եւ դիտորդների նկատմամբ բռնությունների եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընտրատեղամասերում լցոնումների փաստերի առթիվ: Այսուհանդերձ, լրագրողների նկատմամբ իրավախախտումներ իրականացրած անձանցից ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:
Հանցագործության պատվիրատուն անհայտ մնաց
Հունիսի 4-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսեց «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ, «Հետք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի դեմ հարձակման գործով դատաքննությունը:
Հիշեցնենք, որ 2008 թվականի նոյեմբերի 18-ին երեք չարագործներ դարանակալել էին լրագրողին, ապա քարով հարվածել գլխին եւ ծեծել: Էդիկ Բաղդասարյանը «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց: Երեւանի Կենտրոնի ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔրՕր-ի 258-րդ հոդվածով («Խուլիգանություն»): Մեղադրանք էր առաջադրվել Կարեն Հարությունյանին, որն էլ դատարանի առջեւ կանգնեց իբրեւ հարձակում գործածներից մեկը:
Այսուհանդերձ, նույն օրը «Հետաքննող լրագրողների» «Հետք» էլեկտրոնային թերթում տպագրված դատաքննությունը սկսելու մասին տեղեկատվության մեջ նշված է. «Իրավապահներն այդպես էլ չպարզեցին, թե 20-ամյա Կարեն Հարությունյանից բացի, ովքեր էին մյուս երկու անձինք, ովքեր անցյալ տարվա նոյեմբերի 17-ին հարձակվել էին «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի վրա, եւ ո՞վ էր այդ հանցագործության պատվիրատուն:
Կ. Հարությունյանը ոչ միայն ժխտել էր միջադեպին իր մասնակցությունը, այլ ընդհանրապես հրաժարվել էր ցուցմունք տալուց: Այնուամենայնիվ, նախաքննական մարմինն ապացուցված է համարել նրան առաջադրված («Մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը») մեղադրանքը»: Հունիսի 23-ին Կարեն Հարությունյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման:
Արման Ղարիբյան