«Թերթ.am», 20.10.2010

«Ուրախալի փաստ է, երբ միջազգային կազմակերպությունը մամուլի ազատության հարցում առաջընթաց է արձանագրում». ԽԱՊԿ նախագահ

«Ուրախալի փաստ է, երբ միջազգային կազմակերպությունն այդպիսի փաստ է արձանագրում, որովհետև մենք միշտ ասել ենք, որ չնայած որոշ փոքր անճշտությունների, ընդհանուր առմամբ, միջազգային կազմակերպություններն իրավիճակը բավական օբյեկտիվ են գնահատում։ Մենք պետք է այս անգամ էլ արձանագրենք, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը իրավիճակը, ընդհանուր առմամբ, օբյեկտիվ է գնահատել»,– Теrt.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ մեկնաբանելով «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած զեկույցը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, հիշյալ կազմակերպությունն այսօր հրապարակել է «Մամուլի ազատություն – 2010» ինդեքսը, որում Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով 178 երկրների ցանկում զբաղեցնում է 101-րդ հորիզոնականը: Նույն կազմակերպության տվյալներով, 2009թ. աղյուսակում Հայաստանը զբաղեցնում էր 111-րդ հորիզոնականը։

Այնուամենայնիվ, ԽԱՊԿ նախագահը նշեց, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը «կարծես մի քիչ ավելի մեղմ է իր գնահատականներում, քան իրավապաշտպան միջազգային կազմակերպությունները, մասնավորապես, Freedom House–ը»։ Միաժամանակ, Աշոտ Մելիքյանը համաձայն է, որ Հայաստանում մամուլի ազատության հարցում որոշակի դրական տեղաշարժեր կան, ինչի մասին վկայում են նաև իրենց կազմակերպության հարցումները։

«Մասնավորապես, այս տարվա երրորդ եռամսյակում չի արձանագրվել լրագրողների դեմ բռնությունների և ոչ մի փաստ, և դա մենք աննախադեպ երևույթ ենք գնահատում, որովհետև վերջին տարիների ընթացքում մենք նման եռամսյակ չենք ունեցել, որ լրագրողների դեմ ֆիզիկական բռնությունների գոնե մեկ դեպք չլիներ։ Նաև տեղեկություններ ստանալու և տարածելու խախտումների դեպքերն են պակասել, իսկ ինչ վերաբերում է ԶԼՄ–ների և դրանց աշխատակիցների վրա ճնշումներին, ապա դրանք տարբեր տեսակի ճնշումներ են՝ այդ թվում սպառնալիքներ։ Այդ առումով երրորդ եռամսյակում իրավիճակը նույնն է։ Ես չեմ բացառում, որ այդ կազմակերպությունը հաշվի է առել նաև այն փաստը, որ օրենսդրության մեջ որոշ փոփոխություններ են տեղի ունեցել:

Մասնավորապես, խոսքը վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացման մասին է, որը պրոգրեսիվ քայլ է։ Միջազգային կազմակերպություններն առհասարակ ոչ միայն օրենսդրական դաշտն են գնահատում, այլև քաղաքական–տնտեսական հարցերի ազդեցությունները։ Չեմ բացառում նաև, որ այս թվայնացման գործընթացի սկիզբը նրանց վրա դրական ազդեցություն թողած լինի։ Այս գործոնների կոմպլեքսն է, կարծում եմ, որ դրական ազդեցություն է թողել նրանց գնահատականների վրա»,– մամուլի ազատության սանդղակում Հայաստանի գրանցած առաջխաղացման պատճառների մասին իր մոտեցումը ներկայացրեց Աշոտ Մելիքյանը։

Ընդհանուր առմամբ, մամուլի ազատության հարցում արձանագրված տեղաշարժերը դրական գնահատելով՝ Աշոտ Մելիքյանը ընդգծեց. «Տարբեր տարիների ընթացքում Հայաստանի ցուցանիշները մի քիչ բարելավվել են, մի քիչ վատացել են՝ կապված այն բանի հետ, թե ինչ միտումներ են նկատվում՝ դրական, թե բացասական։ Բայց մեր գնահատմամբ, ընդհանուր առմամբ, հայաստանյան լրատվամիջոցները «ոչ ազատների» կարգից վերև չեն բարձրանում և մնում են ոչ ազատ»։

Tert.am

20.10.10

Տես՝ http://tert.am/am/news/2010/10/20/meliqyan/

Կարդալ նաև

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.