Կայուն վատ է
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն երեկ ներկայացրել է Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտման մասին երկրորդ եռամսյակային զեկույցը։ Համաձայն զեկույցի` 2010թ. երկրորդ եռամսյակը լրագրողների դեմ բռնությունների առումով համեմատաբար հանգիստ է եղել, քան 2009թ. նույն ժամանակահատվածը։
«Դա բնական է, քանի որ 2009թ. մայիսի 31-ին տեղի էին ունեցել Երեւանի ավագանու ընտրություններ, որի ընթացքում արձանագրվել էին լրագրողների գործունեության հետ կապված 4 միջադեպեր», նշել են զեկույցի հեղինակները։ 2009թ. երկրորդ եռամսյակում լրագրողների նկատմամբ բռնությունների 9 դեպք է արձանագրվել, այս տարվա նույն ժամանակահատվածում` 3 դեպք։ Ինչպես ներկայացվում է զեկույցում, այս ժամանակահատվածում լրագրողների դեմ բռնության դեպքերն արձանագրվել են մայիսի 31-ին, երբ Ազատության հրապարակում մի խումբ ակտիվիստներ նստացույց անցկացնելու փորձ էին անում։ «Մայիսի 31-ին Երեւանի Ազատության հրապարակից ոստիկանները բերման են ենթարկել Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների ակցիան լուսաբանելու նպատակով այդտեղ գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Սյուզաննա Պողոսյանին եւ «Հայք» թերթի լրագրող Լիլիթ Թադեւոսյանին։ Ոստիկանները լրագրողներին քաշքշել եւ հրել են այն պահին, երբ նրանք աշխատել են` ձայնագրություն են կատարել, ինչից հետո նրանց բերման են ենթարկել։ Լրագրողներն ազատ են արձակվել 3 ժամ հետո միայն։ Մայիսի 31-ին ոստիկանությունը Երեւանի Ազատության հրապարակի մերձակայքից ուժի կիրառմամբ բերման ենթարկեց, ապա ձերբակալեց «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանին», ասված է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի երկրորդ եռամսյակային զեկույցում։
Թեեւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա երկրորդ եռամսյակում նվազել են լրագրողների նկատմամբ բռնությունները, սակայն այս եռամսյակում, նախորդի համեմատ, ավելացել են լրատվամիջոցների, նրանց աշխատակիցների վրա ճնշման դեպքերը, ինչպես նաեւ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման դեպքերը։ Նախորդ տարվա երկրորդ եռամսյակում նշված երկու դաշտում էլ մեկական դեպքեր են արձանագրվել, մինչդեռ այս եռամսյակում դրանք եղել են 5-ը։
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ