Համեմատաբար հանգիստ
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» երեկ հրապարակել է ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտման մասին այս տարվա երկրորդ` եռամսյակային զեկույցը: Ըստ այդմ, 2010-ի երկրորդ եռամսյակը լրագրողների դեմ բռնությունների առումով համեմատաբար հանգիստ է եղել, քան 2009-ի նույն ժամանակահատվածը:
Զեկույցի հեղինակները դա բացատրել են 2009-ի մայիսին Երեւանի ավագանու ընտրություններով: 2009-ի երկրորդ եռամսյակում լրագրողների նկատմամբ բռնությունների 9 դեպք է արձանագրվել, այս տարվա նույն ժամանակահատվածում` 3: Ըստ զեկույցի, այս տարի լրագրողների դեմ բռնության դեպքերն արձանագրվել են մայիսի 31-ին` Ազատության հրապարակում, որտեղ ՀԱԿ ակտիվիստների նստացույց անելու փորձի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել ակցիան լուսաբանող «ՀԺ» լրագրող Սյուզաննա Պողոսյանին եւ «Հայք» թերթի լրագրող Լիլիթ Թադեւոսյանին, իսկ մի փոքր անց բռնությամբ բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել «ՀԺ» լրագրող Անի Գեւորգյանը: Նշվում է, որ չնայած այս տարի նվազել են լրագրողների նկատմամբ բռնությունները, սակայն ավելացել են ԶԼՄ-ների, դրանց աշխատակիցների ճնշման դեպքերը, ինչպես նաեւ` տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման դեպքերը: 2009-ի երկրորդ եռամսյակում մեկական նման դեպքեր են արձանագրվել, մինչդեռ 2010-ի նույն ժամանակահատվածում դրանք հինգն են: