ԹԱՔՆՎԱԾ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրել է 2010 թ լրագրողների և լրատվամիջոցների հանդեպ իրականացված ճնշումների դեպքերը, որոնք արձանագրել է կոմիտեն:
Աշոտ Մելիքյանը նշում է, որ լրատվամիջոցների հանդեպ իրականացվում են տնտեսական ու քաղաքական ճնշումներ որոշակի խմբերի ու իշխանության ներկայացուցիչների կողմից: Նրա խոսքով, փաստորեն, գոյություն ունի ոչ պաշտոնական թաքնված գրաքննություն:
Մելիքյանը նշել է, որ 2010 թ արձանագրվել է բռնության 9 դեպք 2009 թ 11 դեպքի դիմաց: Նաև զարմանալի փաստ է արձանագրվել` 2010 թ երրորդ եռամսյակում ոչ մի բռնության դեպք չի եղել: Ֆիզիկական բռնությունների դեպքերից 5-ը արձանագրվել են 2010-ի հունվարի 10-ին, 10-րդ ընտրատարածքում պատգամավորական ընտրությունների ժամանակ: Բռնություններ են եղել նաև մայիսի վերջին Ազատության հրապարակում ընդդիմության կազմակերպած ակցիաների ժամանակ: Վերջինն էլ նոյեմբեր ամսին Նիկոլ Փաշինյանի հանդեպ կատարված դեպքն է:
2010 թ. արձանագրվել է լրատվամիջոցների եւ լրագրողների դեմ ճնշումների 19 դեպք, որը 5-ով շատ է 2009 թ. ցուցանիշից: Նման դեպքերից է ՌՈ Արմավիրի կայազորի նախկին պետ Գրիշա Սարգսյանի պարագան, ով զանգել էր “Չորրորդ իշխանության” խմբագրություն և սպառնալիքներ տեղացել լրագրողներ Գագիկ Շամշյանի ու Թագուհի Թովմասյանի հասցեին:
Ինչ վերաբերում է տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտմանը, 2010 թ գրանցվել է նմանատիպ 18 դեպք 2009 թ-ի 13 դեպքի դիմաց: Օրինակ, Գյումրիի Ասպարեզ ակքումբի դատական հայցը Շիրակի մարզպետարանի դեմ, որը տեղեկատվություն չէր տրամադրել: Գրանցվել է նաև թերթի ամբողջ խմբաքանակի գնման դեպք: Դա տեղի է ունեցել 2010 թ հունվարի 13-ին, երբ Հայկական Ժամանակ թերթում տեղեկություն էր տպագրվել պատգամավորներ Սեյրան Սարոյանի և Լևոն Սարգսյանի կողմնակիցների բախման մասին: