Հայաստանում նախորդ տարի ծեծվել է 9 լրագրող. ԽԱՊԿ-ն ամփոփ զեկույց ներկայացրեց
2010թ.-ին Հայաստանում ֆիզիկական բռնության է ենթարկվել 9 լրագրող՝ 2009թ.-ի 11-ի փոխարեն։ Այս մասին այսօրվա ասուլիսին տեղեկացրեց Խոսքի ազատության միջազգային կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով 2010թ.-ի տարեկան զեկույցը։ Ֆիզիկական բռնության դեպքերի նվազնմանը զուգահեռ աճել են լրագրողների նկատմամբ ճնշումներ գործադրելու դեպքերը։
Նախորդ տարի ԶԼՄ-ների և դրանց աշխատակցիների նկատմամբ ճնշումներ գործադրելու 19 դեպք է գրանցվել՝ 2009թ.-ի 14-ի փոխարեն։ Լրագրողների՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքը 2010թ.-ին խախտվել է 18 անգամ։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իր զուկույցում մանրամասն ներկայացրել է լրագրողների գործունեությունը խոչընդոտելու բոլոր դեպքերը։ Այդ թվում՝ հիշատակվել են նաև ազատազրկման դատապարտված «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բանտում ֆիզիկական բռնություն գործադրելու, նրան ճնշելու դեպքերը։
Աշոտ Մելիքյանը նշեց, որ նախորդ տարի լրագրողների նկատմամբ ավելի շատ բռնություններ են կիրառվել առաջին և երկրորդ կիսամյակներում։ Իրավիճակը հանգիստ է եղել մյուս երկու եռամսյակներում։
Զեկույցում նաև նշվում է, որ շատ հաճախ լրագրողների դեմ բռնություն գործադրելու փաստերով քրեական գործ չի հարուցվում։