«Թերթ.am», 03.05.2011

Ո՞րն է մամուլի ազատության սահմանը. մասնագիտական տոնի առթիվ

«Հայաստանյան մամուլը «կիսաազատից» «ոչ ազատ»-ի վտանգավոր եզրագծում է»,- այսօր Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ լրագրողների հետ հանդիպմանը ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը՝ Հետաքննող լրագրողների հասարակական կազմակերպության նախագահ, Hetq.am կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի հետ համատեղ ասուլիսում:

Մելիքյանի խոսքով՝ հայաստանյան մամուլը վերջին տարիներին ավելի շատ հետընթացի միտումներ է դրսևորել: ԽԱՊԿ ղեկավարն այն կարծիքին է, որ քաղաքական գործիչներն այնքան էլ հանդուրժող չեն մամուլում հնչող քննադատությունների նկատմամբ, և ցանկանում են, որ ԶԼՄ-ներն ավելի կառավարելի լինեն: «Մամուլի սուրբ պարտքն է քննադատությունը, դա համաշխարհային ստանդարտ է, բայց դա պետք է անել բարձր պրոֆեսիոնալիզմով և մեծ պատասխանատվությամբ»,- ասաց Մելիքյանը:

Էդիկ Բաղդասարյանն էլ շարունակելով նրան՝ ասա. «Ես միշտ ասում եմ, որ ազատության սահմանը որևէ մեկը չի սահմանում, դա ամեն մի լրագրողի մեջ է, ամեն մեկն ինքն է որոշում իր ազատության չափն ու սահմանը: Եթե որևէ մեկը չի ցանկանում որևէ նյութ անել, ուրեմն ինքը հարմարվում է այն իրավիճակին, որն իր համար գծել են իր ղեկավարներն ու խմբագիրները»:

Նա զարմանք հայտնեց այն բանի կապակցությամբ, որ լրագրողները չեն ըմբոստանում իրենց համար գծված սահմանների դեմ: «Ազատության սահմանը դուք պետք է նվաճեք»,- նշեց նա:

Աշոտ Մելիքյանի խոսքով՝ լրագրողական համայնքի ամենալուրջ խնդիրը պառակտվածությունն է, այսօր լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը դարձել է քաղաքական համակարգի մաս: Նա կարևորեց ըմբոստանալու սեփական ազատության համար պայքարելու Բաղդասարյանի կոչը:

Tert.am-ի հարցին, թե որո՞նք են հայաստանյան ԶԼՄ-ների հետընթացի պատճառները, Մելիքյանը պատասխանեց՝ մամուլի ազատության մակարդակը, օրենսդրական դաշտի վատթարացումը, ինֆորմացիոն և լրագրողական դաշտերի պառակտվածությունը:

Էդիկ Բաղդասարյանն առաջարկեց միասնաբար պայքարել՝ ընդունելով «լրատվամիջոցներին և լրագրողներին նետված ձեռնոցները»: Նրա խոսքով՝ եթե Սամվել Ալեքսանյանը, Տիգրան Արզաքանցյանը կամ այլ պատգամավոր լրատվամիջոցին դատի է տալիս, դա նշանակում է, որ թերթին սնանկացնելու քաղաքական որոշումը «վերևներում է կայացվել»: Ուստի Բաղդասարյանն առաջարկում է լրագրողական համայնքին պատերազմ հայտարարած պատգամավորների դեմ պայքարել: «Եկեք գրենք էդ դատավորների մասին, գրենք նրանց վերցրած կաշառքների մասին: Եթե իրենք մեզ պատերազմ են հայտարարել, մենք էլ պետք է պայքարենք»,- ասաց նա:

«Հայաստանում մարդկանց համար արդարադատության վերջին ատյանը ոչ թե դատարաններն են, այլ լրատվամիջոցները»,- ասաց Էդիկ Բաղդասարյանը: «Ասում են՝ դատի չեմ տա, թերթին կտամ, չէ՞»,- իր հերթին ասաց Աշոտ Մելիքյանը:
Ի դեպ, Բաղդասարյանը նաև շեշտեց, որ լրագրողներն ամենապաշտպանված խավն են ու իր համար զարմանալի է, երբ Մարդու իրավունքների պաշտպանը «հազարավոր անպաշտպան մարդկանց թողած ԶԼՄ-ներով է զբաղվում», իսկ միջազգային կազմակերպություններն էլ «ինչ-որ անկապ հայտարարություններ են անում»:

Տես` http://tert.am/am/news/2011/05/03/press-meliqyan-baghasaryan/

Կարդալ նաև

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.