Քաղաքական ճնշումներ թերթերի նկատմամբ
«2011 թվականի առաջին եռամսյակն աննախադեպ էր լրատվամիջոցների դեմ դատական հայցերի ներկայացմամբ»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Ըստ նրա, լրատվամիջոցների դեմ դատական հայցեր ներկայացնելու պրոցեսն սկսվեց անցած տարվա վերջին, եւ ալիքը հատկապես ուժեղացավ 2011-ի առաջին եռամսյակին: Նշված ժամանակահատվածում կոմիտեն արձանագրել է 10 դեպք, եւ սա այն բանից հետո, երբ վիրավորանքի եւ զրպարտության մասին հոդվածներն ապաքրեականացվեցին:
«Վերոնշյալ հոդվածների ապաքրեականացման գործընթացը բավականին դրական գնահատական ստացավ միջազգային ատյաններում, եւ դա համարվում էր պրոգրեսիվ քայլ: Իսկ լրագրողական կազմակերպություններն արտահայտում էին մտահոգություններ առ այն, որ վիրավորանքի եւ զրպարտանքի համար նախատեսված փոխհատուցման շեմը շատ բարձր է: Կային նաեւ այլ թերություններ եւ բացթողումներ, որոնք շտկվեցին, սակայն այդ գործընթացը ոչ թե դրական, այլ բացասական ազդեցություն թողեց իրավիճակի վրա»,- կարծում է Աշոտ Մելիքյանը:
Ըստ նրա՝ «Վիրավորանքն» ու «Զրպարտությունը» միշտ տարբեր հոդվածներ են եղել եւ հստակ, օրենսդրորեն սահմանազատվում են, եւ շատ կարեւոր է, որ դատարանում նույնպես դրանք հստակ սահմանազատվեն, ապացուցվեն, եւ նոր միայն նշանակվի համապատասխան պատիժը: «Վիրավորանքի առումով կա որոշակի սուբյեկտիվ ընկալում: Շատ հաճախ քաղաքական գործիչներն իրենց գործունեության հետ կապված քննադատությունը դիտում են որպես վիրավորանք: Սա արդեն լուրջ խնդիր է»,-ասաց Մելիքյանը:
Կոմիտեի հրապարակած եռամսյակային զեկույցում խախտումները դասակարգվել են երեք տիպի՝ ֆիզիկական բռնություն, ճնշումներ ԶԼՄ-ների եւ նրանց ներկայացուցիչների նկատմամբ եւ տեղեկատվություն ստանալու ու տարածելու իրավունքի խախտում: Աշոտ Մելիքյանի խոսքով՝ ֆիզիկական բռնության փաստ այս եռամսյակում չի արձանագրվել, եւ լրագրողների ու լրատվամիջոցների հետ կոնֆլիկտներն արդեն բռունցքներով չեն լուծվում, այլ տեղափոխվում են դատարաններ: «Այս առումով պետք է ասել, որ դա դրական միտում է: Այլ հարց է, որ դատարաններն ամենեւին էլ անաչառ չեն: Դատական համակարգը մեզանում դեռեւս անկախ չէ: Դատական ատյանները մեզանում հաճախ դառնում են գործիք քաղաքական ուժերի ձեռքում՝ լրատվամիջոցների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար: Եվ հենց դա է պատճառը, որ ճնշումները մեծացել են, իսկ դատական հայցերը՝ շատացել»,-ասաց Մելիքյանը: Նա առաջադրված դատական հայցերից առանձնացրեց 3 գործարար պատգամավորների հայցը «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ, գործարար պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հայցը «Երկիրի» դեմ եւ Ռոբերտ Քոչարյանի ու իր ընտանիքի հայցերը «Հրապարակ» եւ «Ժամանակ» օրաթերթերի դեմ: «Այս ամենը թույլ է տալիս ասելու, որ սա, այնուամենայնիվ, քաղաքական ճնշում է ազատ խոսքի եւ հիմնականում ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ»,-եզրակացրեց Մելիքյանը եւ հավելեց, որ լրատվամիջոցներին պատժելու մեր քաղաքական գործիչների ցանկությունն անհասկանալի է, եւ հատուկ այդ քաղաքական գործիչների համար հիշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշ եզրահանգումներ, մասնավորապես. «Քաղաքական գործիչները պետք է առավել հանդուրժող վերաբերմունք ունենան մամուլի քննադատության նկատմամբ: Քննադատության թույլատրելի շրջանակները քաղաքական գործիչների դեպքում շատ ավելի լայն են, քան մասնավոր անձանց նկատմամբ»:
Նա մեջբերեց մեկ այլ եզրահանգում, որն արդեն վերաբերում է լրագրողական ազատությանը, որտեղ ասվում է. «Լրագրողական ազատությունը լրագրողին թույլ է տալիս դիմել որոշակի չափազանցության եւ նույնիսկ սադրանքների»: Իսկ անցել է լրագրողը թույլատրելի սահմանը, թե ոչ՝ որոշում է միայն դատարանը: Բնականաբար պարզ է, որ խոսքը Հայաստանի նման երկրի մասին չէ, որտեղ դատական համակարգի անկախության մասին խոսելը ծիծաղելի է:
Տես` http://www.hraparak.am/2011/04/13/qaxaqakan-chnshumner-terteri-nkatmamb/