Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2020թ. երրորդ եռամսյակային զեկույց

2020թ․ երրորդ եռամսյակը հայաստանյան լրատվամիջոցների համար բարդ ժամանակաշրջան էր՝ կապված նախ հայ-ադրբեջանական սահմանին, ապա՝ Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության և Հայաստանում հայտարարված ռազմական դրության հետ։ Թե հայ, թե արտասահմանցի լրագրողներն այս ընթացքում աշխատել են կյանքի համար վտանգավոր պայմաններում։ Պատերազմը ոչ միայն մարտի դաշտում էր, այլ նաև տեղեկատվական ոլորտում։ Այս ընթացքում գրանցվել են Ադրբեջանի կողմից հաքերային հարձակումների, լրատվական կայքերի կոտրման բազմաթիվ դեպքեր, որոնց հետևանքները հայ մասնագետներն արագ վերացրել են։ Ստեղծված իրավիճակը զուգորդվել է նոր կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված կարանտինով, ինչն էլ երբեմն ԶԼՄ-ների աշխատանքում անհամաչափ կամ անհիմն սահմանափակումների առիթ է դարձել։

Ընդհանուր առմամբ եռամսյակի ընթացքում շարունակվել է լրագրողների ու լրատվամիջոցների դեմ դատական հայցերի քանակական աճի միտումը։ Դրանց թիվը ճիշտ այնքան է, որքան նախորդ եռամսյակում՝ 22 գործ։ Հայցվորները թե՛ ներկա ու նախկին իշխանության ներկայացուցիչներ են կամ նրանց հետ փոխկապակցված անձինք, թե՛ շարքային քաղաքացիներ։ Գրանցվել են լրագրողների նկատմամբ ճնշումներ ոչ բարեհաճ կամ վիրավորական վերաբերմունքի դրսևորմամբ։ Դրանով աչքի են ընկել մասնավորապես ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Վերջինիս, ի դեպ, մեղադրանք է առաջադրվել «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար։ Գրանցվել են նաև արտակարգ դրությամբ պայմանավորված՝ իրավապահ մարմինների կողմից լիազորությունների չարաշահման ու ԶԼՄ-ների գործունեությանը միջամտելու դեպքեր, ինչի առնչությամբ լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարություններով։ Դրանք նկարագրված են ստորև՝ «Լրատվամիջոցների գործունեության միջավայրը» և «Ճնշումներ ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների վրա» բաժիններում։

Երրորդ եռամսյակում աճել է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների քանակը։ Նախորդ եռամսյակի 26-ի դիմաց գրանցվել է 34 դեպք։ Դիտարկվող շրջանում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններ չեն գրանցվել։

ԿԱՐԴԱԼ ԱՄԲՈՂՋԸ

Դիտարկման արդյունքներին կարելի է ծանոթանալ նաեւ ինֆոգրաֆիկաների տեսքով`  ԱՅՍՏԵՂ

Հարակից Հոդվածներ