Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ճիշտ չի համարում լրատվամիջոցների հետ շփման այն ձևաչափը, որով Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս վերջին մի քանի անգամ՝ նախապես հարցերը ուղարկել, ինքը ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ դրանց պատասխանի։
«Ես խնդիր եմ տեսնում ասուլիսի անցկացման նման ձևաչափի մեջ։ Առիթ ունեցել եմ կոչ անելու, հորդորելու, որպեսզի վերականգնվի Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսների այն ձևաչափը, որով ինքն սկսել էր, այսինքն հրավիրել բոլոր ցանկացողներին, պատասխանել բոլորի հարցերին։
Սա ճիշտ մոտեցում էր, նախկին լրագրողի, լրագրողներին հարգելու մոտեցում էր, որը տրանսֆորմացվեց այս տարօրինակ ձևաչափի, որը միշտ հարցեր է առաջացնում»,- ասուլիսում ասաց Ա.Մելիքյանը։
Դիտարկմանը, որ Փաշինյանի ասուլիսից հետո մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ բարձրաձայնում են՝ իրենց հարցերը խմբագրված են հնչել, կրճատված, նա նշեց, որ եթե դրանից բովանդակությունը չի տուժել, այլ բան է, իսկ եթե հարցերը խմբագրվել են, դրանց բովանդակությունը փոխվել է՝ մեղմվել, կրճատվել, սուր անկյունները հանվել, անընդունելի է։