Այն, ինչ արել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ոչ միայն ընդունելի չէ, այլև խիստ դատապարտելի է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցների վերաբերյալ իշխանական պատգամավորի արած հայտարարությանը։
Նշենք, որ երեկ ԱԺ նիստում Վահագն Ալեքսանյանն ասել էր, թե հեռուստաեթերում գումարի դիմաց ամենօրյա ատելության քարոզ է. «Շատերը չեն կարողացել տարբերակել և գիտակցել, որ իրենք ոչ թե վերբալ մարմնավաճառ են, այլ լրագրող»,-ասել էր պատգամավորը։ Ընդ որում պատգամավորն այսօր իր ելույթի ժամանակ ևս մեկ անգամ վերահաստատել էր իր այդ հայտարարությունը՝ լրագրողներին անվանելով «վերբալ մարմնավաճառներ»
Աշոտ Մելիքյանը նկատում է՝ այս ամենն այն անհանդուրժողականության և ատելության շարունակությունն է, որը հատկապես ահագնացավ հետպատերազմյան շրջանում, այնուհետև նաև նախընտրական ժամանակահատվածում։
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանական պատգամավորներն ագրեսիվ և անհանդուրժող վարվելակերպ են դրսևորում ընդդիմադիր ուղղվածության լրատվամիջոցների նկատմամբ, իսկ ընդդիմադիր քաղաքական գործիչներն էլ նման վարքագիծ են դրսևորում լրատվամիջոցների այն ներկայացուցիչների նկատմամբ, որոնց ասոցացնում են իշխանությունների հետ։
«Սա, իհարկե, շատ վատ հետևանքների կարող է հանգեցնել, և լրատվամիջոցները որպես կարևորագույն ինստիտուտ, որոնք պետք է նպաստեն հասարակության տեղեկացված լինելուն, և զբաղվեն հասարակության համար կարևոր առաքելություն իրականացնելով, ներքաշվում են ներքաղաքական հակասությունների մեջ»,-նշեց Աշոտ Մելիքյանը։
Վերջինս ընդգծում է՝ Վահագն Ալեքսանյանի արտահայտությունն ատելության խոսք է, և պատգամավորն իր կարգավիճակին հարիր վարվելակերպ չի դրսևորել։ Նրա այս վարվելակերպը նաև մտահոգություն է առաջացնում, թե ինչպես կարող է նման անձնավորությունը զբաղվել օրենքներ մշակելով, այդ թվում ատելության խոսքի տարածմանը հակազդող օրենքների, եթե հենց ինքն է օգտագործում ատելության խոսք։
«Սա, իհարկե, նաև փորձ է ճնշում գործադրել այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնք քննադատաբար են վերաբերվում իրենց գործունեությանը։ Պետք է օբյեկտիվորեն ընդունել, որ հեռարձակման ոլորտը բազմաթիվ խնդիրներ ունի։ Հայաստանյան եթերը դարձել է բազմակուսակցական, և շատերն առաջին հերթին սպասարկում են քաղաքական շահեր ու հանրային շահը շատ հաճախ անտեսվում է։ Բայց դա ամենևին էլ թույլ չի տալիս, որ իշխանական պատգամավորներն իրենց իրավունք վերապահեն լրատվամիջոցներին վիրավորելու և ատելություն դրսևորելու»,-ասաց ԽԱՊԿ նախագահը։
Դիտարկմանը, որ քաղաքական գործիչների այս վերաբերմունքը հնարավոր է լրագրողներին կաշկանդի լիարժեք կատարել իրենց մասնագիտական գործունեությունը, Աշոտ Մելիքյանը նշեց, որ լրագրողներն, այնուամենայնիվ, պետք է իրենց գործը շարունակեն և չկաշկանդվեն այդպիսի վարվելակերպից, բայց դրա հետ մեկտեղ խիստ անհրաժեշտ է, որ նրանց գործունեությունն էլ վստահություն ներշնչի։ Անհրաժեշտ է հետևել և՛ օրենսդրական պահանջներին, և՛ լրագրողական էթիկայի նորմերին։
Ավելին՝ irakanum.am