Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2022թ. առաջին եռամսյակային զեկույց

2022թ. առաջին եռամսյակը լրագրողների ու լրատվամիջոցների գործունեության համար համեմատաբար հանգիստ ժամանակաշրջան էր։ Նրանց իրավունքների խախտումների քանակը զգալիորեն նվազել է․ գրանցվել է 1 բռնության դեպք, երբ զանգվածային բողոքի ակցիան լուսաբանելիս լրագրողին բերման են ենթարկել, ինչպես նաև՝ տարատեսակ այլ ճնշումների 12 դեպք։ ԶԼՄ-ների և լրագրողների դեմ ներկայացվել է 7 նոր դատական հայց, դրանք բոլորն էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածով նախատեսված զրպարտության և վիրավորանքի հիմքով են։ Վերոհիշյալ ճնշումների 12 դեպքերի շարքում են եռամսյակի ընթացքում արձանագրված՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ անվայելուչ, անհարգալից վերաբերմունքի դրսևորումները, նսեմացնելու, աշխատանքը խոչընդոտելու փորձերը։ Այդ միջադեպերից միայն մեկն է  իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա դարձել։
Դիտարկվող ժամանակահատվածում, ի տարբերություն ֆիզիկական բռնությունների ու այլ տեսակի ճնշումների նվազման, գրանցվել է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների զգալի աճ․ այդպիսի դեպքերը 45-ն են, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 30-ով ավելի է։ Լրատվամիջոցները շարունակում են դժգոհել գերատեսչություններից հայցվող տեղեկության տրամադրման անհարկի ձգձգումներից ու մերժումներից։

Միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում շարունակել են մնալ նախորդ տարի Հայաստանում իրականացված այն օրենսդրական փոփոխությունները, որոնք սպառնալիքներ ստեղծեցին խոսքի ազատության ու ԶԼՄ-ների անկաշկանդ գործունեության համար։ Մասնավորապես՝ այս գնահատականը վերաբերում է այսպես կոչված «ծանր վիրավորանքի» քրեականացմանը և զրպարտության ու վիրավորանքի համար նախատեսված դրամական փոխհատուցման վերին շեմի եռապատկմանը: Այդ հետադիմական փոփոխությունները այս տարվա սկզբին քննադատության թիրախ դարձան Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևում, «Freedom House» և «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում՝ որպես խոսքի ազատության անհիմն սահմանափակումներ։

Հայաստանյան 10-ից ավելի լրագրողական կազմակերպություններ անհրաժեշտ են համարում ոչ միայն այս փոփոխությունների անհապաղ վերանայումը, այլ նաև մեդիային վերաբերող ամբողջ օրենսդրության բարեփոխումը։ Դա պայմանավորված է հնացած մոտեցումներից և սկզբունքներից հրաժարվելու, տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացման պայմաններում ժամանակակից կարգավորումներ կիրառելու, լավագույն միջազգային փորձը մեզանում ներդնելու անհրաժեշտությամբ։ Ուստի այդ կազմակերպությունների ներկայացուցիչները փետրվար-մարտ ամիսներին նախաձեռնել են մի շարք քննարկումներ գործադիր և օրենսդիր մարմինների պաշտոնյաների հետ՝ նախաձեռնելով ԶԼՄ-ներին վերաբերող օրենսդրության բարեփոխումներին ուղղված համատեղ աշխատանքների գործընթաց։

 

ԿԱՐԴԱԼ ԱՄԲՈՂՋԸ

Դիտարկման արդյունքներին կարելի է ծանոթանալ նաեւ ինֆոգրաֆիկաների տեսքով` ԱՅՍՏԵՂ

Հարակից Հոդվածներ