2023թ․ երրորդ եռամսյակը հայաստանյան լրատվամիջոցների համար գերլարված ժամանակաշրջան էր՝ պայմանավորված Հայաստանում ու Արցախում տեղի ունեցող ճակատագրական իրադարձություններով։ Արցախի շրջափակմանն ու այնտեղ հումանիտար սուր ճգնաժամին հաջորդած ադրբեջանական ռազմական ագրեսիան, դրա հետևանքով գրեթե ամբողջ արցախահայության արտագաղթը Հայաստան, այստեղ տասնյակ հազարավոր ընտանիքներ ընդունելու, տեղավորելու ու ապրուստի գոնե նվազագույն պայմաններ ստեղծելու հետ կապված գործընթացները լուսաբանելը մեծագույն ջանքեր պահանջեցին խմբագրություններից։ Դիտարկվող ժամանակահատվածում տեղի ունեցան նաև Երևանի ավագանու ընտրությունները՝ անզիջում նախընտրական պայքարով ու հետընտրական զարգացումներով։ Ինչպես միշտ, այս գործընթացները, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները, զուգորդվեցին երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի սրացումներով։ Այդ պայմաններում, երբ անհրաժեշտ էր լուսաբանել զանգվածային բողոքի ակցիաները և ոստիկանական գործողությունները, էլ ավելի էր բարդանում լրագրողների և օպերատորների աշխատանքը։
Հենց անհանդուրժողականության և թշնամանքի մթնոլորտում անցկացվող ցույցերի, հավաքների, այլ միջոցառումների ընթացքում են նաև գրանցվել ֆիզիկական բռնությունների և տարատեսակ այլ ճնշումների՝ ատելության արտահայտման, ոչ բարեկիրթ վերաբերմունքի դեպքեր լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ։ Այսպես, եթե տարվա սկզբից ի վեր լրագրողների դեմ ոչ մի բռնություն տեղի չէր ունեցել, ապա երրորդ եռամսյակում արձանագրվել է 3 այդպիսի դեպք․ 1-ը Ստեփանակերտում, 2-ը՝ Երևանում, ավագանու ընտրությունների քարոզարշավի ու հետընտրական բողոքի ակցիաների լուսաբանման ընթացքում։
Արձանագրված այլ տեսակի ճնշումները, այդ թվում վիրավորանքներն ու սպառնալիքները, 13-ն են։ Ուշագրավ է, որ որոշ դեպքերում լրագրողները համացանցում իրենց հասցեին ատելության խոսքի, պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների տարածման առնչությամբ դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ այդպիսի գրառումների հեղինակների։ Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի տվյալների՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել 3 այդպիսի գործ։
Ինչ վերաբերում է ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների ներկայացված նոր հայցերի թվին, ապա երրորդ եռամսյակում դրանք 6-ն են, որոնցից 2-ը իշխանության, 3-ը գործարար շրջանակների ներկայացուցիչների կողմից են, 1-ը՝ այլ քաղաքացուց։ Մտահոգիչ է այն փաստը, որ դատական պրակտիկայում շարունակվում են նկատվել գործընթացներ, երբ հայցվորները, բացի հայցային պահանջներից, նաև միջնորդություններ են ներկայացնում ԶԼՄ-ի և/կամ լրագրողի գույքի ու բանկային հաշիվների վրա արգելանք կիրառելու համար՝ որպես հայցի ապահովման միջոց, և դատարանները բավարարում են դրանք, ինչը, ըստ էության, լրատվամիջոցի նկատմամբ լրացուցիչ ճնշում գործադրել է նշանակում և հակասում է միջազգային նորմերին։
Խնդրահարույց է մնում իրավիճակը նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների առումով։ Հուլիս-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է 33 դեպք, ինչը 9-ով ավելի է նախորդ եռամսյակի համեմատ։
Ընդհանուր առմամբ դիտարկվող ժամանակահատվածում ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների 49 խախտում։ Դրանք նկարագրված են զեկույցի համապատասխան բաժիններում, իսկ առավել աղմկահարույցների առնչությամբ հայաստանյան 11 լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարություններով։
Երրորդ եռամսյակի կարևոր գործընթացներից է նաև այն, որ վերոհիշյալ լրագրողական կազմակերպություններից մի քանիսի նախաձեռնությամբ ստեղծվում է Արցախից բռնի տեղահանված մեդիա աշխատողների համար «Արագ արձագանքման ֆոնդ», որն արդեն իսկ մշակում է արցախցի գործընկերներին աջակցելու մեխանիզմներ, հայթայթում է համապատասխան ռեսուրսներ՝ սոցիալական և մասնագիտական օգնություն իրականացնելու նպատակով։
ԶԵԿՈՒՅՑՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ՝ԱՅՍՏԵՂ