Արտաքին օժանդակությունը 90 օրով կասեցնելու՝ ԱՄՆ նախագահի հրամանն արդեն սկսել է իր ազդեցությունը թողնել հայաստանյան քաղհասարակության կյանքում: Մեկը մյուսի հետևից դադար են վերցնում ամերիկյան փողերով գործող դրամաշնորհային ծրագրերը: Դեռևս հստակ չէ, թե քանի կազմակերպության քանի ծրագիր է կասեցված:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը դեռ շաբաթ օրն է տեղեկացել, որ մեդիա ոլորտի զարգացման ծրագիրը դադարեցնում են, և մինչև նոր ցուցում ստանալը որևէ ծախս, որևէ գործողություն չպետք է անել: Չէր կարծում, որ երկարաժամկետ կնքված պայմանագրերը ևս կկասեցվեն: Ասում է՝ փաստացի չունեն երաշխիք, որ ավարտին կհասցնեն սկսածը:
«Իրարանցում է տեղի ունեցել, որոշ տեղերում, որոշ դեպքերում նույնիսկ կարելի է ասել, որ սա շոկային իրավիճակ է, որովհետև շատ կտրուկ է ամեն ինչ տեղի ունեցել», – «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Մելիքյանը՝ շարունակելով. – «Մենք հետևում էինք, գիտեինք, որ վերանայումներ, փոփոխություններ կլինեն, միգուցե չափանիշների ավելի խստացում կարող էր լինել, և այլն, բայց վերցնել և ասել, որ այս ամսի 24-ից ամեն ինչ դադարեցվում է, դա, իհարկե, լավագույն լուծում չէ, կարծում եմ»:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի խոսքով՝ հետո բարդ կլինի շտկել այս դադարի հետևանքները, ինքն ու գործընկերներն անորոշության մեջ են:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում