«Հետք», 19.01.2010

2009-ին լրագրողներին ավելի քիչ են ծեծել, քան 2008-ին

Նախորդ տարի 11 լրագրողների նկատմամբ կատարվել են ֆիզիկական բռնություններ, իսկ 2008-ին ֆիզիկական բռնությունների ենթարկվածների թիվը 18 էր: «2009-ին լրագրողների իրավունքների ավելի քիչ խախտումներ են եղել, քան 2008 թվականին, բայց չի կարելի իրավիճակը բարվոք համարել, այն շարունակում է տագնապալի մնալ, որովհետեւ տասնյակից ավելի բռնություններ ու խոչընդոտումներ են եղել»,- նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նա փորձագետ Մեսրոպ Հարությունյանի հետ այսօր «Ուրբաթ» ակումբում ներկայացրեց Հայաստանում լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքների մասին 2009 թ. տարեկան զեկույցը: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետները լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների քանակով 2009-ը պայմանականորեն բաժանել են 2 իրարից տարբեր ժամանակահատվածների:

Նախորդ տարվա առաջին կիսամյանը բնութագրվում է նույն բացասական միտումներով, որոնք բնորոշ էին 2008-ին, երկրորդը` եղել է համեմատաբար հանգիստ: 2008 թվականին ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների վրա ճնշումների 16 դեպք է գրանցվել, իսկ 2009-ին` 14: Տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների դեպքերը գրեթե նույնաքանակ են եղել. 2008-ին` 14, 2009-ին` 13 դեպք:

Աշոտ Մելիքյանը նշեց, որ այս թվերը բացարձակ ճշմարտություն չեն եւ որ շատ դեպքերում լրագրողները չեն բարձրաձայնում իրենց հետ կատարված բռնությունների եւ ճնշումների մասին: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ունի թեժ գիծ, որին զանգահարելով լրագրողները կարող են հայտնել իրենց նկատմամբ կիրառվող բռնությունների մասին:

Պատասխանելով «Հետքի» հարցին կոմիտեի նախագահն ասաց, որ նախորդ տարի իրենց զանգահարել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որին ոստիկանները բռնել են ավտոմայրուղու մոտ: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները մեկնել են դեպքի վայր, սակայն մինչ այնտեղ հասնելը ոստիկանները բաց են թողել լրագրողին` տեղեկանալով, որ փորձագետները շուտով այնտեղ կլինեն:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի «Թեժ գծի» հեռախոսահամարներն են` 093 10 70 85 եւ 010 53 38 95
Լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ 2009-ին կիրառված բռնությունների մանրամասները կներկայացնենք քիչ անց:

Արման Ղարիբյան

Կարդալ նաև

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.