«Հայկական ժամանակ», 09. 04. 2010

ՍԿՈՒՏԵՂԻ ՎՐԱ ՉԻ ՄԱՏՈՒՑՎԵԼՈՒ

Մտահոգիչ միտումներ խոսքի ազատության բնագավառում

 

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն երեկ հրապարակեց 2010-ի առաջին եռամսյակում Հայաստանում լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների եւ խոսքի ազատության վիճակի մասին իր պատրաստած զեկույցը, որում արձանագրված իրավախախտումների թվերը վկայում են, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` խոսքի ազատության առումով մեր երկրում հետընթաց է արձանագրվել:

Դրան, ըստ զեկույցի հեղինակների, մեծապես նպաստել են հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրությունները: Ըստ զեկույցի, 2010-ի հունվար-մարտ ամիսներին գրանցվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 5, ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների` 8, տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման 6 դեպք, ի տարբերություն 2009-ի առաջին եռամսյակում արձանագրված համապատասխանաբար` 3, 4, 2 դեպքերի: «Այնպես որ, իսկապես կան միտումներ, որոնք որ մտահոգություն են առաջացնում»,- երեկ զեկույցը լրագրողներին ներկայացնելիս ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը: Ընդ որում, ըստ Մելիքյանի, դրան զուգահեռ լրագրողներն ավելի քիչ են սկսել իրենց նկատմամբ կիրառված բռնությունները բացահայտելու համար ոստիկանություն դիմել, քանի որ այլեւս որեւէ հույս չեն կապում այդ համակարգի հետ: Այն, որ դրա համար հիմքեր կան, ըստ նրա, ապացուցվեց հունվարի 10-ի ընտրությունների օրը լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների գործի քննությամբ: «Շատ տարօրինակ կերպով փակվեց այդ գործը: Գոյություն ունեն տեսաերիզներ, բազմաթիվ փաստեր, թե ինչպես է խոչընդոտվում լրագրողների գործունեությունը: Այնուամենայնիվ, բավարար փաստեր իրավապահ մարմինները չունեցան, եւ դատարանը ոչ մի հիմք չգտավ, որպեսզի այդ գործը տանի մինչեւ վերջ»,- զարմանում է Մելիքյանը: Ու չնայած դրան նա լրագրողներին խորհուրդ տվեց. «….ոչ մեկը մեզ սկուտեղի վրա խոսքի ազատություն չի մատուցելու, եւ եթե մենք մեր իրավունքներին տեր չկանգնենք եւ չպաշտպանենք մեր իրավունքները` գնալով իրավիճակը էլ ավելի կվատթարանա»,- նշեց նա: Զեկույցում արձանագրված բռնության միակ դեպքը, որ ընտրությունների օրը չի տեղի ունեցել, դա ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ Գագիկ Շամշյանի վրա հարձակումն է:
ԽԱՊԿ փորձագետ Մեսրոպ Հարությունյանը երեկ ներկայացրեց նաեւ ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների վրա ճնշումների դեպքերը, որոնց թվում զեկույցում տեղ է գտել նաեւ Քոչարյանների ընտանիքի հայցն ընդդեմ «ՀԺ» օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ընկերության` «Ռոբերտիչի արկածները Դուբայում» հայտնի հրապարակման համար: Ըստ իրավապաշտպանների, ճնշումներին շարունակում են ծառայեցվել նաեւ օրենսդրական փոփոխությունները: Վերջին օրինակը, ըստ Հարությունյանի, «Զրպարտություն» եւ «Վիրավորանք» հոդվածները ապաքրեականացնելու վերաբերյալ կոալիցիայի ներկայացրած փաթեթն է: Ըստ Հարությունյանի, «այդ փաստաթուղթն առկա ձեւով իր մեջ բավականին վտանգներ եւ խոչընդոտներ է պարունակում»: «Հիմնական վտանգն այն է, որ չգիտես ինչու, չգիտես որ տրամաբանությամբ վիրավորանք արտահայտողի եւ այն տարածած լրատվամիջոցի պատասխանատվությունը քառակի տարբերվում է»,- նշեց փորձագետը` ավելացնելով, որ այդ փոփոխությունը նաեւ հակասություններ ունի ԶԼՄ-ների մասին օրենքի հետ, ինչի մասին նա այսօր ԱԺ-ում նախատեսված լսումների ժամանակ խոսելու է: Զեկույցում «խիստ անմշակ» են գնահատվել նաեւ ՀՌԱՀ կողմից հեռուստատեսային եթերի համար մշակած վերջին հայտնի չափորոշիչները: Հարությունյանը կարծում է, որ դրանց ոչ հստակ լինելը կամայական որոշումների տեղիք կարող է տալ:

Սյուզաննա Պողոսյան

Կարդալ նաև

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.