«Ա1+», 09.02.2011

«Հաշվեհարդարի հոտ է գալիս»

«Հայկական ժամանակ» թերթի նկատմամբ կիրառված առավելագույն պատժաչափից «հաշվեհարդարի հոտ է գալիս»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանն` անդրադառնալով փետրվարի 7-ին դատարանի վճռին:

Այդ վճռով թերթն իբրեւ վնասի փոխհատուցում պետք է 2 մլն 44 հազարական դրամ վճարի գործարար պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանին, Սամվել Ալեքսանյանին եւ Լեւոն Սարգսյանին:

Կոմիտեի իրավաբան Օլգա Սաֆարյանը նկատեց, որ դատարանի վճիռը օրենսդրության սահմաններում է եղել, սակայն. «Սահմանելով մաքսիմալ 6 մլն դրամ փոխհատուցում` արդյո՞ք դատարանը հաշվի էր առել այդ տեղեկության տարածման եղանակն ու միջոցները, տարածողի նյութական վիճակը»:

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ն այսօր ներկայացրեց 2010թ.-ի ընթացքում «Հայաստանում խոսքի ազատության վիճակի, լրագրողների ու ԶԼՄ-երի իրավունքների խախտումների մասին» իր տարեկան զեկույցը:

Զեկույցում նշված խախտումներից բացի, Աշոտ Մելիքյանը նշեց, որ կա նաեւ դրական առաջխաղացում, մասնավորապես լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների քանակով 2010թ.-ն ավելի բարենպաստ էր. եթե 2009թ.-ին արձանագրվել էր 11 դեպք, ապա 2010թ.-ին` 9-ը:

Իսկ ընդհանուր առմամբ 2010թ.-ն աչքի է ընկել օրենսդրական նախաձեռնություններով եւ դատական գործերի առատությամբ: Աշոտ Մելիքյանն ընդգծեց, որ լուրջ խնդիրներ կան հատկապես իրավակիրառման պրակտիկայում եւ դատական համակարգի անկատարության առումներով: «Կարծում ենք` քանի որ դատական համակարգն անկախ չէ, այն կարող է օգտագործվել լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ հաշվեհարդարներ տեսնելու ու մեծ տուգանքներ նրանցից վերցնելու համար»,- նշեց նա:

Քաղաքական առումով ամենալուրջ խնդիրն, ըստ նրա. «այն է, որ լրատվամիջոցների հրապարակումների բովանադակությունը կախված է իշխանության կամ այլ առանձին խմբերի շահերից: Ինչ վերաբերում է տնտեսական ոլորտին, ապա Աշոտ Մելիքյանի ներկայացրած տվյալներով` խնդրահարույց հարցերն են լրատվամիջոցների սեփականության ոչ թափանցիկությունը եւ դրա ազդեցությունը բազմակարծության վրա, լրատվամիջոցների նկատմամբ գովազդի եւ դրամական օժանդակության միջոցով վերահսկողության սահմանումն իշխանական ատյանների կողմից: Զեկույցում ընդգրկված տվյալներն ավելի շատ կարող էին լինեն, եթե Աշոտ Մելիքյանի ասելով` լրատվամիջոցներն իրենց նկատմամբ ճնշումների ու բռնությունների մասին հայտնեին լրագրողական կազմակերպություններին. «Մինչդեռ լրատվամիջոցները դրան կամ շատ հաճախ ուշադրություն չեն դարձնում, կամ սեփական ուժերով են փորձում հաղթահարել դժվարությունները, կամ դիմում այլ միջոցների»:

Տես` http://www.a1plus.am/am/politics/2011/02/9/ashot-melikyan

Կարդալ նաև

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.