«Ա1+»-ի տեղը մնաց բաց
9 տարի առաջ ապրիլի 2-ին «Ա1+» հեռուստաընկերությունը եթերազրկվեց:
Խոսքի ազատության եւ պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը այն մարդկանց թվին է պատկանում, ովքեր համոզված են, որ «Ա1+» եթերազրկվեց բացարձակ քաղաքական որոշման արդյունքում: ««Ա1+ի» եթերզրկումից հետո մեր երկրում խիստ նվազեց բազմակարծությունը»,- այսօր «Ա1+»-ին ասաց պարոն Մելիքյանը:
Նրա կարծիքով «Ա1+»-ը եթերազրկվեց, քանի որ չէր համապատասխանում ինֆորմացիոն դաշտի մասին իշխանությունների պատկերացումներին. «Իսկ ինչպիսին էր իշխանությունների պատկերացումները, մենք տեսնում ենք այսօր՝ միակողմանի, խիստ նպատակաուղղված քարոզչություն: Փաստորեն այն հեռուստադիտողները, որոնք հնարավորություն չունեն ամեն օր մի քանի թերթ գնել, մնում են այն եթերի հույսին, որը չի կարող բավարարել նրանց ինֆորմացիոն պահանջները: Ըստ էության այդ մարդիկ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում երկրում»:
9 տարի առաջ «Ա1+»-ին եթերազրկողների պատճառաբանություններից մեկն այն է, որ «Ա1+»-ը բարի լուրեր չի ներկայացնում: «Լուրը բարի կամ չար չի լինում: Լուրը այնպիսին է, ինչպիսին որ կա, եւ հանրությունը պետք է իմանա տեղի ունեցած մասին: Լուրը բարիացնելը, վարդագույն դարձնելը, ամենեւին հարգանք չէ լսարանի հանդեպ: Այսօր մեր երկրի զարգացմանը խանգարում է առկա եթերը: Շտապ պետք է բարեփոխել եւ ազատականացնել այդ ոլորտը: Անհրաժեշտ են նոր խաղացնողներ, նոր անձիք, նոր գաղափարներ ու մոտեցումներ»,-գտնում է Աշոտ Մելիքյանը:
Ինչ վերաբերում է այն փաստին, որ «Ա1+» եթեր չվերադարձավ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի օրոք, այլեւ՝ Սերժ Սարգսյանի, ապա պարոն Մելիքյանն ասաց. «Ցավոք «Ա1+»-ի խնդիրն անձնավորվեց եւ պետական մակարդակի հասավ: Ուղղակի պետական այրերին հարիր չէ այդպիսի մոտեցումը: Նրանք պետք է հասկանան, որ գոյություն ունեն նաեւ միջազգային կառույցների մոտեցումներ, իսկ Հայաստանը «Ա1+»-ի եթերազրկումից հետո դարձավ շատ խոցելի: Համոզված եմ, որ ժամանակը կգա եւ պետական այրերն էլ կհասկանան, որ 21-րդ դարում այսպիսի եթեր ունենալը ամոթ է, մի երկրի համար, որը ձգտում է ժողովրդավարության»:
Աշոտ Մելիքյանը ցավով է արձանագրում է, որ «Ա1+»-ի եթերազրկումից հետո այս 9 տարիների ընթացքում լրատվական դաշտում «Ա1+»-ի տեղը մնաց բաց:
Տես` http://www.a1plus.am/am/print/politics/2011/04/01/ashot-melikyan